Սեպտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Ղազախստանի հայերի միություն» և «Մասիս» հայկական մշակութային կազմակերպությունների ղեկավար, Ալմաթիի «Եվրապոլիս» թաղամասի սեփականատեր, գործարար Էռնեստ Վարդերեսյանին, ով Հայաստան է ժամանել Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Բարձր գնահատելով Է.Վարդերեսյանի՝ Աստանայում և Ալմաթիում կիրակնօրյա դպրոց բացելու, հայկական եկեղեցի կառուցելու, հայ համայնքի թերթը ստեղծելու աշխատանքներն ի վերջո նախաձեռնելու և ընթացք տալու ջանքերը՝ ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ ենք, որ Ղազախստանում մեր հայրենակիցները կարողանում են աշխատել և ապրել արժանապատիվ կյանքով Նախարարությունը սիրով կաջակցի Ղազախստանում հայապահպան գործունեություն ծավալող նորաստեղծ կազմակերպությանը»:
ՀՀ սփյուռքի նախարարն ուրախությամբ ընդգծեց, որ 2014 թ. Է. Վարդերեսյանի ջանքերով ստեղծված հայկական երկու կազմակերպությունները նպատակ ունեն համալրելու Ղազախստանի տարբեր շրջաններում գործող 17 համայնքային կազմակերպությունների շարքը, համակարգելու, ուղղորդելու հայապահպանությանն ուղղված ջանքերը, իսկ համայնքի ղեկավարի մասնակցությունը «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնին նոր ազդակ հաղորդեց Ղազախստանում հայ ազգային պարախմբեր հիմնելու և հաջորդ փառատոնին Ղազախստանի հայ համայնքի մասնակցությունն ապահովելու միտված ջանքերին:
Զրույցի թեման հայապահպանությունն էր՝ իր տարբեր դրսևորումներով։ Մի դեպքում դա հայկական դպրոցների ցանցը ընդարձակելու կարևորությունն էր և հայեցի դաստիարակության խնդրին համակողմանի աջակցություն ցուցաբերելը, հայ երիտասարդներին իրենց պատմական հայրենիքի հետ կապելն ու նրա մշակույթին հաղորդակից դարձնելու անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ հայրենիքում ներդրումներ կատարելու, բիզնես ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։
Էռնեստ Վարդերեսյանը ներկայացրեց 2014 թ, ստեղծված հայկական 2 կազմակերպությունների գործունեությունը՝ հատկապես կարևորելով երկրի հայաշատ քաղաքներում հայապահպանական գործի կազմակերպմանն ուղղված նոր կառույցների ստեղծումը, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և աջակցության պատրաստակամության համար՝ Է.Վարդերեսյանը նշեց, որ առաջիկայում ծրագրել են այցելել Հայաստան և երիտասարդներին ծանոթացնել հայրենի պատմական հուշարձաններին:
Նախարար Հ.Հակոբյանը կոչ արեց առավել ակտիվ ներգրավվել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերում, որոնք միտված են համայնքներում հայապահպանության գործն առավել արդյունավետ կազմակերպելուն: