Ամենայն հավանականությամբ, պայթյուն է տեղի ունենալու: Անդրադառնալով «ԱՖԿ Սիստեմա» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի նկատմամբ կիրառված տնային կալանքին՝ այս մասին նշեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Եվտուշենկովը մեղադրվում է «Բաշնեֆտ»-ի գործով ֆինանսական միջոցների լվացման մեջ:
«Սիստեմա ինվեստը» շատ հզոր ռուսական կազմակերպություն է: Դրանց կպնելն ինձ զարմացնում է, մյուս կողմից՝ ինձ զարմացնում է, որ Ռուսաստանը սկսել է մաքրել ինչ-որ բաներ: Զարմանալի է, որ այս իրավիճակում, երբ ամերիկյան սանկցիաներ են կիրառվում, Ռուսաստանը նման բան է որոշել անել», – ընդգծեց նա:
Նշենք, որ հոլդինգի տնօրենների խորհրդի կազմում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Շատերը, այս հանգամանքից ելնելով, վտանգ էին տեսնում երկրորդ նախագահի համար: Սակայն Ա. Գրիգորյանն այլ կարծիք ուներ: Անդրադառնալով հնարավոր հետևանքներին՝ նա նշեց.
«Գիտեմ, որ «Բաշնեֆտ»-ի հետ երկրորդ նախագահը նույնիսկ հեռավոր կապ չունի: Ես հարյուր տոկոսով գիտեմ, որ Քոչարյանը կապ չունի այդ ամենի հետ, և այդ դեպքում՝ չեմ կարծում, որ վտանգ կլինի, քանի որ սիստեմայում 100-ից ավել ակցիոներ կա, և այն կարծիքին չեմ, որ մեր բաժնետերերն այդ ամենի հետ պետք է որևէ կապ ունենան»:
Գրիգորյանն ավելի շատ անհանգստացած էր Մոսկվայում կալանավորված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի համար, ով ձերբակալվել էր «Բաշնեֆտ»-ի գործով, և այդ ամենը նույնպես կապվում էր Եվտուշենկովի անվան հետ:
«Ես Լևոնից մի քանի անգամ լսել եմ Եվտուշենկովի անունը, և գիտեմ, որ «Բաշնեֆտի» ակցիաներն իսկապես նրանք միասին էին տնօրինում: Այնպես որ, եթե Եվտուշենկովին հասել է այդ պատիժը, բավականին լրջացնում է իրավիճակը», – ընդգծեց նա:
Ա. Գրիգորյանը զարմացած էր, որ նույնիսկ Եվտուշենկովի վրա են «ձեռք բարձրացրել»:
«Մյուս կողմից՝ սարսափում եմ, թե ինչ է սպասվում Լևոն Հայրապետյանին: Նրա առողջականը սարսափելի վիճակում է գտնվում», – եզրափակեց նա: