Կառավարությունը վերապահումներով ընդունեց Ն. Փաշինյանի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունն ընդունելի համարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ իր ներկայացրած առաջարկությունների ընդունման դեպքում:

Կառավարությունը նախ առաջարկում է «սահամանապահ» բառը փոխարինել սահմանամերձով, ապա ճիշտ է համարում օրենքի նախագծի 3-րդ հոդվածի փոխարեն (սահմանապահ համայնքի բնակիչներին համայնքի տարածքում ունեցած հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից ազատելը) կիրառել արդեն 2 տարի գործող՝ «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից գնդակոծման դեպքեր ունեցող ՀՀ սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց և ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու մասին» ծրագրում ամրագրված մոտեցումները:

Համաձայն այս ծրագրի՝ հարկերի գումարները պետք է փոխհատուցվեն պետության կողմից:

Կառավարությունն առաջարկում է նաև լրացնել օրենքի նախագծի 4-րդ հոդվածը, որը նախատեսում է պետական բյուջեից ստացվող օգնությունն օգտագործել բացառապես համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու համար:

Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում պետք է ապահովի համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում:




Լրահոս