ՀՊԵՆ-ը Չինաստանում՝ որպես Շոպենի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ)՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, օգոստոսին որպես պաշտոնական նվագախումբ հանդես է եկել Չինաստանի Ֆոշան քաղաքում անցկացված Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթում։

Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը ռուսաստանյան մշակութային կարևորագույն իրադարձություններից է։ Այն մեծ հետաքրքրություն է վայելում ամբողջ աշխարհում, և պարբերաբար երաժշտական այս մրցույթն անցկացվում է Չինաստանում։

Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթը տեղի է ունեցել երկու տարիքային խմբում՝ պատանեկան (մինչև 17 տարեկան) և երիտասարդական (17-22 տարեկան)։ Ժյուրիի կազմում ընդգրկված էին տարբեր երկրների անվանի երաժիշտներ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև ելույթ է ունեցել գալա համերգին: Բացի այդ, ՀՊԵՆ-ը Ֆոշանի ռադիոյի և հեռուստատեսության դահլիճում տվել է նաև առանձին համերգ։ Կազմակերպիչները երաժշտական այս տոնն անվանում էին ինքնատիպ եռակողմ՝ հայ-ռուս-չինական նախագիծ։

Նշենք, որ հայկական նվագախմբին հրավիրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամներ Իրինա և Գենադի Ալֆերենկոները։

Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՊԵՆ-ը որպես պաշտոնական նվագախումբ հանդես գալու երրորդ հրավերն է ստանում։ Մինչ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթը ՀՊԵՆ-ը՝ որպես պաշտոնական նվագախումբ, հանդես է եկել Բեյրութում՝ Ալ Բուստանի և Իտալիայում՝ Մուզիկա Ռիվա փառատոներում` ներկայացնելով հայկական երաժշտական արվեստն աշխարհի տարբեր բեմերում։




Լրահոս