Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Ռոմա»- ԲԿՄԱ խաղի ժամանակ երկրպագուների միջև բախումների հետևանքով 2 ռուս երկրպագու վնասվածք է ստացել: Հռոմի Օլիմպիական մարզադաշտում ընթացող խաղն ավարտվել է 5:1 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի:
Ինչպես տեղեկացնում է АНСА գործակալությունը, ռուսաստանցիները տեղափոխվել են Հռոմի «Ջեմելի» հիվանդանոց, ուր նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Բժիշկների խոսքով՝ տուժածներից մեկը դանակով վիրավորված է եղել որովայնից և ձեռքից, մյուսը՝ գլխի վնասվածք է ստացել, ենթադրաբար, գլխին հասցված հարվածից: Ստացված վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն: Երկու ռուսաստանցիների գիտակցությունը տեղն է: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, երկրպագուների միջև ծեծկռտուքը սկսվել է մինչև խաղի սկիզբը, սակայն այդ ժամանակ ոստիկաններին հաջողվել է հանդարտեցնել կռվողներին: