Մեկնարկում է Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին ժ.10:30-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:

Համաժողովի միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 18-ին ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի՝ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ՙԽաղաղության արվեստը՚ ցուցահանդեսի բացումով:

Համաժողովը կմեկնարկի լիագումար նիստով, որտեղ բացման խոսքով հանդես կգա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ողջույնի խոսքով հանդես կգա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Իրենց օրհնության խոսքը համաժողովի մասնակիցներին կհղեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք-Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ-ն:
Ելույթ կունենա Հայ Ավետարանական Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, Հայաստանի Ավետարանական Եկեղեցու ավագ հովիվ Վերապատվելի դոկտոր Հովել Միքայելյանը:

Ելույթներով հանդես կգան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, ՀՕՄ Կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:

Նույն օրը՝ Ժ.12:00–ին կսկսվի 2-րդ լիագումար նիստը, որտեղ համաժողովի չորս հիմնական թեմատիկ ուղղությունների վերաբերյալ զեկուցումներով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (Հայաստան-Սփյուռք գործակցության արդի առաջնահերթությունները և ապագային միտված խնդիրները), ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման մասին), Սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը (Հայաստանի Հանրապետությունում ապաստանած սիրիահայերի հիմնախնդիրների մասին) և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Հայկական մամուլի դերը համաշխարհայնացվող աշխարհում):

Ժ.14:30-18:00-ին Համաժողովի աշխատանքները չորս թեմատիկ բաժիններում զուգահեռաբար կշարունակվեն Էլիտ պլազա բիզնես կենտրոնում (Մ. Խորենացու փ.,15):

«Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը» թեմայով նիստը տեղի կունենա «Մանթաշով» սրահում:
«Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները» թեմայով նիստը կկայանա «Գյուլբենկյան» սրահում:

«Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները» թեմայով նիստը տեղի կունենա «Արամյանց» սրահում:

Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը տեղի կունենա «Քըրքորյան» սրահում:
Ժ.18:00-ին համաժողովի մասնակիցներին ՀՀ Ազգային ժողովում կընդունի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Համաժողովի կազմակերպմանն աջակցել են ՀՀ Ազգային Ժողովը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, այլ գերատեսչություններ: Համաժողովի հովանավորներն են` «Արարատ» բանկը, Ռուսաստանի հայերի միությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնը, «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Ավշար» գինիների գործարանը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և «Գրանդ քենդի» ընկերությունը: Տեղեկատվական հովանավորներն են` Հայաստանի Հանրային, «Երկիր մեդիա», «Շանթ» հետուստատեսությունները, Հանրային ռադիոն, «Արմենպրես» լրատվական գործակալությունը և ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականը:

Համաժողովի ընթացքում գործելու է մամլո կետրոն, լուսաբանումն իրականացվելու է Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցներով:

Համաժողովին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 1000 ներկայացուցիչ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը, համաժողովին մասնակցելու նպատակով Հայրենիք են ժամանելու աշխարհի շուրջ 60 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները՝ 741 մասնակից, Արցախը ներկայացնելու է 20 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցելու են 310 պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Սփյուռքից մեծ ներկայացուցչություն են ապահովել Ռուսաստանը՝ 129 մասնակից, Սիրիան՝ 103, Լիբանանը՝ 73 մասնակից, ԱՄՆ-ը՝ 70 մասնակից, Վրաստանը՝ 45, Ֆրանսիան՝ 30, Իրանը՝ 25, Կանադան՝ 23: Համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակություններ են գալիս Հայաստան ամենահեռավոր երկրներից՝ Ավստրալիայից 15 մասնակից, Արգենտինայից 9 մասնակից, Չիլիից 3 մասնակից, Հարավային Աֆրիկայի հանրապետությունից 1 մասնակից:

Նշենք, որ 1-ին համազգային հավաքը տեղի է ունեցել 1999թ. սեպտեմբերին և կոչվել է Հայաստան-Սփյուռք 1-ին խորհրդաժողով, 2-րդը՝ 2002թ. մայիսին, 3-րդ համահայկական խորհրդաժողովը տեղի է ունեցել 2006թ. սեպտեմբերին: Առաջին երեք համաժողովները կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ 2011թ.ից սկսած՝ այդ առաքելությունն իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: 4-րդ համաժողովի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին Երևանի մարզահամերգային համալիրի հանդիսությունների դահլիճում, այն կրում էր «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողով» անվանումը:




Լրահոս