Էդուարդ Շարմազանովն ընդունեց Ֆրանկ Նորդհաուզենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 26-ին ընդունեց գերմանացի լրագրող Ֆրանկ Նորդհաուզենին: Եվրոպացի լրագրողին հետաքրքրում էին Էդուարդ Շարմազանովի գնահատականները Ազգային ժողովի  ընտրությունների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ԼՂՀ հիմնախնդրի եւ Իրանի շուրջը ծավալվող հնարավոր զարգացումների վերաբերյալ: ԱԺ փոխնախագահը մասնավորապես տեղեկացրեց, որ ՀՀ իշխանությունները  վճռական են տրամադրված արդար ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` պրն. Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը շարունակում է կողմնակից մնալ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն եւ դեմ է ցեղասպանության եղելությունը քննարկման նյութ դարձնելուն: Ըստ Շարմազանովի` դա համազգային մոտեցում է, որի իրականացնողը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնահարցին, ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: Այնինչ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները եւ հարցը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր փայփայում: 
Անդրադառնալով Իսրայելի ` Իրանի դեմ պատերազմ սկսելու հնարավորությանը եւ դրա հետեւանքներին` Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը Իրանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ եւ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Ըստ ԱԺ փոխնախագահի` ռազմական ճանապարհով խնդրի լուծումը հղի է բազում վտանգներով, տարածաշրջանային սոցիալական լուրջ աղետով: “Խնդրի խաղաղ կարգավորումը բոլորի հաղթանակը կլինի, հատկապես, որ հարցի խաղաղ լուծման միջոցները դեռ սպառված չեն”,- ասաց ԱԺ փոխնախագահը: Էդուարդ Շարմազանովը լրագրողի խնդրանքով անդրադարձավ նաեւ Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը, Հայաստանի եվրաինտեգրման ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: 




Լրահոս