Եվրախորհրդարանն այսօր փաստաթուղթ է ընդունել Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Ընդունված փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, մասնավորապես` ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը:
Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարարելու դեպքում:
Ընդունված հայտարարության մեջ Եվրախորհրդարանը դատապարտում է Հայաստանի և ադրբեջանական քաղաքացիական հասարակության, երիատասարդական կազմակերպությունների և մտավորականության հետ հարաբերությունները խզելու Ադրբեջանի ջանքերը:
Հաջորդ տարի եվրոպական օլիմպիական խաղերն անց են կացվելու Ադրբեջանում: Խորհրդարանը կոչ է անում Միջազգային օլիմպիական հանձնաժողովին պահանջել մամուլի ազատություն երկրի ողջ տարածքում, ինչպես նաև՝ դադարեցնել ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները:
Եվրոպական այս կառույցը հստակ հայտարարել է, որ ոչ մի համագործակցություն չի վերականգնվի մինչև Ադրբեջանը չգործի նշված պահանջներին համապատասխան:
«Այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ Հարավային Կովկասի ժողովրդի հիմնական խնդիրն ադրբեջանական ռեժիմն է: Սա ճշմարիտ է, քանի որ ադրբեջանցիների հետ միասին տուժում է նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը», – նշել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: