Կառավարության այսօրվա նիստում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ այսուհետ բոլոր ծրագրերն իրականացնելիս պետք է սահմանվեն ողջամիտ ժամկետներ և դպրոցները կառուցվեն մինչև 2 տարվա ընթացքում, ոչ թե 6-7 տարվա, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում է եղել:
«Ուսումնասիրություններ են արվել շենքերի վերաբերյալ, ու հիմա եզրակացությունն այն է, որ անհրաժեշտ է մի շարք օբյեկտների կառուցումը հետաձգել մինչև 2016-2017 թթ. և փոփոխություն կատարել բյուջեի նախագծում»,- ընդգծեց նա:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել դպրոցաշինության ծրագրի ոլորտում և պարզել, որ 2006-2013թթ. 74 դպրոցի շինարարության վրա ծախսվել է 22 մլրդ դրամ, սակայն մինչ օրս դրանցից և ոչ մեկի շինարարությունն ավարտված չէ:
«Օրինակ՝ Գավառի թիվ 5 դպրոցի համար 2006-ից մինչև 2013-ը նախատեսված 574 մլն դրամից հատկացրել ենք մոտ 270 մլն դրամ: Դեռևս 304 էլ պետք է հատկացնենք, որպեսզի այս դպրոցի շինարարությունը ավարտենք: Հիմա ՎՊ-ն իր ուսումնասիրությունների ժամանակ նկատեց, որ կառավարությունը ժամանակին ծրագիրը իրականացնելիս պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունության խնդիրներին: Արդեն հաստատվել է, որ կան դպրոցներ, որտեղ կատարված աշխատանքները պետք է քանդվեին, քանի որ սեյսմակայունության խնդիրները լուծված չէին»,-ասաց նա:
Զաքարյանը հարցրեց, թե կա արդյոք հստակ ծրագիր, որով պարզ կդառնա, թե այս 74 դպրոցների շինարարությունը երբ կավարտվի:
«Այստեղ նաև արդյունավետության խնդիր կա, և ՎՊ-ն իր եզրակացության մեջ գրել է, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների համար ժամկետները հստակեցված չեն, և դպրոցաշինության ծրագիրը նման մեթոդներով շարունակելու դեպքում պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունը դրվելու է հարցականի տակ»,-նշեց նա:
Պատասխանելով ՎՊ նախագահին՝ Նարեկ Սարգսյանը նշեց. «Մեր այս նախագծով՝ շուրջ 13 օբյեկտ առաջարկվում է բյուջեից հանել. դրանք այն օբյեկտներն են, որոնց վրա 2006-2013թթ. գումարներ են ծախսվել, սակայն հիմա կատարած աշխատանքների մի մասը պետք է քանդենք: Ուստի՝ մենք այս օբյեկտների շինարարությունն առաջարկել ենք հետաձգել մինչև 2016թ»: