Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը մինչ արձակուրդ գնալը ՀՀ կառավարությանը ներկայացրեցին 12 կետից բաղկացած իրենց պահանջները` դրանք չկատարելու դեպքում խոստանալով աշնանը հանրահավաքային պայքար սկսել:
«Հրաշալի քառյակ»-ի նախանշած ժամկետը մոտենում է ավարտին, սակայն ՀՀ կառավարությունը մինչ օրս այդ պահանջներից եւ ոչ մեկը չի կատարել: Իսկ Քառյակի, որը երեկ արդեն դարձավ «Եռյակ», խոստացած «թեժ աշնան» նախադրյալներն այդպես էլ չեն երեւում եւ նրանց պայքարի խոստումը մնում է օդում կախված:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Քառյակի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե հասարակությունն ինչից պետք է հասկանա, որ քաղաքական «թեժ» աշունն արդեն սկսված է:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկին Զոհրաբյան, Քառյակի «թեժ աշնան» խոստումը կարծես թե մինչ օրս օդում կախված է եւ ցայսօր էլ հսկանալի չէ, թե այդ «թեժությունն» ինչպես է դրսեւորվելու:
-Ես ձեռնպահ կմնան քաղաքկան պրոցեսները հիմնավորելուց, թեժ, գերթեժ եւ այլն: Ակնհայտ է, որ երկրում բավականին լարված սոցիալ-տնտեսական իրավիճակ է, ակնհայտ է, որ լրջագուն քաղաքական չլուծված խնդիրներ կան ու բնական է, որ այս ամենը պետք է ենթադրի բավականաչափ ակտիվ քաղաքական գործընթացներ:
Այն, ինչը որ դուք տեսնում եք՝ մասնավորապես Քառյակի գործունեությունը, ես պետք է ասեմ, որ բավականաչափ ակտիվ քաղաքական պրոցեսներ են ընթանում երկրում, ու ձեզ վստահեցնում եմ, որ առաջիկայում այդ պրոցեսները շատ ավելի ակտիվ ու հստակ են լինելու իրենց քայլերի մեջ: Թույլ տվեք շատ փակագծեր չբացել, բայց մենք արդեն հայտարարել ենք համատեղ հանրահավաքի մասին: Իսկ համատեղ հանրահավաքն արդեն նշանակում է կոնկրետ դիրքորոշում, կոնկրետ գնահատական: Առայժմ այսքանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ
-Պարոն Ռուստամյան, հասարակության համար այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչպես է դրսեւորվելու Քառյակի խոստացած «թեժ» աշունը եւ այն կոնկրետ ինչ պահանջի վրա է խարսխվելու:
-Թեժ աշուն առաջարկող միակ քաղաքական ուժը մենք չենք, իսկ ես Քառյակի անունից չեմ կարող ասել, թե ինչ նկատի ունենք, որովհետեւ չենք քննարկել, թե ինչ է նշանակում թեժացնել կամ թեժություն: Հիմա ամեն մեկը դա իր ձեւով է պատկերացնում, ու ես կարծում եմ, որ լավ էլ թեժ է: Արդեն բանավեճերն են ակտիվանում, հանրահավաքային գործընթաց է սկսվելու, տարբեր տեսակետների բախում, սահմանադրական փոփոխություններ եւ այլն, եւ այլն: Եթե համեմատենք, նախորդ տարիների հետ շատ լուրջ քաղաքական օրակարգ գոյություն ունի, որը ենթադրում է արդեն բավականին թեժ քննարկումների առաջացում: Դե, էլ թեժությունն ի՞նչ իմաստով պետք է պատկերացնել:
-Իսկ ե՞րբ է հասարակությունը զգալու այդ «թեժության» հետեւանքները, ի վերջո պետք է չէ՞ այդ ամենի հետեւանքով ՀՀ-ում ինչ-որ նշանակալի փոփոխություններ լինեն: Ասենք` երկրի նախագահը հրաժարական տա, կամ արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացվեն:
-Ի՞նչ է նշանակում թեժ աշնան հետեւանքը… կամ խանձվելը, կամ եռալը, կամ եփվելը, չգիտեմ, որը կլինի, կերեւա, էլի:
–Իսկ առաջիկայում այդ եռման կետին կհասնե՞նք:
-Իհարկե, եթե բոլորս միասին եռանք՝ հետեւանքը կերեւա, էլի, եռալուց հետո էլ գալիս է գոլորշիացումը:
-Բայց Քառյակի գործելաոճից կարելի է ենթադրել, որ ավելի շատ գոլորշիացում է սպասվում, քանի որ խորհրդարանական 4 ուժերն արդեն լուրջ տարակարծություն ունեն, այդ թվում եւ` սահմանադրական բարեփոխումների հետ կապված:
-Բայց ամեն մեկն իր ափսեի մեջ դեռեւս եփվում է, ես չեմ կարող կանխատեսումներ անել ու ասել, թե ինչ է սպասվում:
-Տեսակետ կա, որ Քառյակից «պոկվելու» Ձեր որոշումը պայմանավորված է իշխանությունների հետ վերջերս տարվող բանակցություններով: Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը:
-Ում ինչպես ձեռք է տալիս հակաքարոզչություն իրականացնել, այդպես էլ անում է, եթե իշխանություններին ձեռք չի տալիս՝ իր ձեւով է ցեխ արձակում, եթե ոչ իշխանական որեւէ ուժի ձեռք չի տալիս ՀՅԴ-ի պահվածքն՝ իր ձեւով է սեւացնում: Սա բնական գործընթաց է, որի մեջ անընդհատ հայտնվում ենք:
-Նշվում է նաեւ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի նոր կոալիցիոն հուշագրի, Ձեզ տրվելիք նախարարական պորտֆելների մասին…
-Դրանք էլ են քարոզչական հնարքներ, որոնք օգտագործվում են նման դեպքերում, երբ ուզում են մարդկանց սեւացնել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ