5 ՕՐ ՀԵՏՈ ԵՆՔ ՀՐԱՎԵՐ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ռուսական սոցհարցումներին չի հավատում, քանի որ չգիտի, թե դրանք ինչ սկզբունքով են արվում:
-Նախօրեին` Ձեր ասուլիսի ժամանակ, միջադեպ տեղի ունեցավ. երբ ներկայացնում էիք Կոմկուսի նախընտրական ծրագիրը, ներս մտավ Ձեր կուսակից Մյասնիկ Պատվականյանը եւ Ձեզ մեղադրեց իրեն հալածելու եւ խոստումները չկատարելու մեջ: Նա հայտարարեց, որ ինքը 20 տարվա կոմունիստ է, որին Դուք խոստացել եք ընդգրկել կուսակցության համամասնական ցուցակում, սակայն խոստումը չեք կատարել: Նա Ձեզ մեղադրեց նաեւ իշխանությունների հետ համագործակցելու մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պնդումները:
-Բոլոր շառլատանները, զրպարտիչներն այդպես են, մի քիչ էլ ոչ հավասարակշռված մարդիկ են այդպիսին: Դրա համար թող լսեն Ռուբեն Թովմասյանի ելույթները, հարցազրույցները, նոր եզրակացնեն` ես Հանրապետական կուսակցության հետ մոտ եմ, թե ոչ: Ուղղակի զառանցանք էր, այդ մարդը զառանցում էր, իսկ լրագրողները նրան հերոսացրին. նկարեցին մի մարդու, որը ներս է մտել ու խանգարում է ասուլիսը: Եթե այնտեղ լինեին օրգանի աշխատողներ, նրան այնպես դուրս կշպրտեին, որ մինչեւ առաջին հարկ կգնար: Ես չգիտեմ, թե ինչ էր ուզում այդ մարդն ինձանից… նա ուզում է պատգամավոր դառնալ, այդ մարդը ենթադրում էր, որ պատգամավոր կդառնա:
-Միջադեպից հետո հանդիպե՞լ եք նրա հետ` պարզելու համար, թե որն է նրա պահանջը:
-Չէ՛, ինչո՞ւ ես պետք է գնամ, նրա հետ հանդիպեմ, ես պարզելու որեւիցե բան չունեմ, չեղած բանը ո՞նց պարզես, զրպարտանքից ի՞նչ պարզես: Այսպիսի մարդիկ էլ կան` մի քիչ անխելք, զրպարտիչ, ինքնասիրահարված, պատկերացնո՞ւմ եք, կանգնում է հայելու մոտ եւ իրեն պատկերացնում պատգամավոր: Ուղղակի խնդրում եմ մի քանի հիմնարկներից հետաքրքրվե՛ք այդ անձնավորության մասին:
-Ռուսական ընկերության կողմից վերջերս անցկացված սոցհարցումների համաձայն`  մայիսի 6-ին ընտրողների ընդամենը 2 տոկոսն է ձայն տալու Կոմկուսին: Ձեզ այդ թվերը չե՞ն մտահոգում:
-Ես չեմ հավատում այդ հարցումներին, քանի որ չգիտեմ, թե դա ինչպես է արվում, բացի այդ, հարցումներն այնպիսին են, որ չեն արտահայտի այն մարդկանց եղելությունը, որոնք կոմունիստամետ են: Մարդկանց մոտ վախի զգացում կա, մարդկանց մոտ համարձակությունը պակասել է: Բայց այդ ամենը կերեւա ընտրություններից հետո:
-Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք, ըստ Ձեզ` որքա՞ն ձայն կհավաքեք:  
-Մենք մեծ հույս ունենք, քանի որ ես գիտեմ, որ այս կեղծիքների մեջ մեր գաղափարախոսությունն ընդունված է: Այստեղ տեղին են Ռազմիկ Դավոյանի խոսքերը. «Ես չեմ ուզում` ճշմարտությունը հաղթի, ես ուզում եմ` սուտը չանցնի ճշտի տեղ»: Մենք չենք ուզում սուտը հաղթի, բայց եթե մեր ժողովուրդն իրենց կհավատա, թող հավատա:
-Քաղաքական ո՞ր ուժին եք համարում Ձեր մրցակիցը:
-Ուրեմն բոլոր կուսակցություններն էլ մեր մրցակիցներն են, այդպիսի կուսակցություն չկա, որ մեր մրցակիցը չհամարվի: Լսե՛ք նրանց ելույթները` բոլորը բնակարան են խոստանում, առողջապահություն են խոստանում, անվճար էս, անվճար էն… Է՜, 22 տարի կայիք, անեիք ինչ-որ պետք էր: Հարուստ, առատ երկիր տվեցինք ե՛ւ ՀԱԿ-ին, ե՛ւ մյուսներին, բոլոր գործարանները թալանվեցին, երիտասարդությունը դարձավ չգիտեմ ինչ, հարուստ երկիրը փոշիացրին, դարձրին ավերակներ: Հիմա ուզում են գան, շտկեն, 22 տարի կայիք, շտկեիք, 22 տարի ինչ ուզել` արել եք:
-Ձեր քարոզարշավները սակավամարդ են…
-Ես գիտեմ, որ մարդաշատությունը հիմնականում ավտոբուսներով կրում, տանում, լցնում են: Մեր կուսակցության քարոզարշավները տեղ կա, որ մարդաշատ են, տեղ կա, որ թույլ են, բայց ես գտնում եմ, որ մեր քարոզարշավները բավական հաջողված են:
-Այնպիսի տպավորություն է, որ Ձեր կուսակցությունը քաղաքական իրադարձություններին չի մասնակցում, Դուք չկաք նաեւ քաղաքական ուժերի կողմից ստեղծված միասնական շտաբում:
-Մենք այդ շտաբները նպատակահարմար չենք գտնում, մենք չեք կարծում, որ այդ շտաբներն այն ուժն ունեն, որ կարող են ինչ-որ փոփոխություն մտցնել ընտրությունների ընթացքի մեջ: Բացի այդ,  մենք 5 օր հետո ենք հրավեր ստացել մասնակցելու համար, եւ դա կարգադրական է եղել` անցե՛ք եւ ստորագրե՛ք: Մի հատ ձե՛զ նայեք,  դուք երեկվա էրեխեքն եք, հետո մե՛զ նայեք, որոնք անցել են 70 տարի եւ երկիր են ստեղծել:

 Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս