ԿԶԵԿՈՒՑԵՆ ՀՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը գնալու է քարոզարշավի` Գեղարքունիքի մարզ: Հատուկ այդ նպատակով երեկ ճանապարհաշինարարները բերանքսիվայր Սեւան-Երեւան ավտոճանապարհն էին «կարկատում», որպեսզի Սարգսյանը փոսերի մեջ չընկնի ու չբարկանա, ինչպես Վայոց ձորի մարզում:
Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանին Սեւանում հետաքրքիր բացահայտումներ են սպասվում: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանի հրահանգով մարզում մի շարք ՀՀԿ-ականներ ուղղակի աշխատում են ԲՀԿ-ի օգտին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջերս մարզում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Գեւորգ Մալխասյանին եւ նախկին մարզպետ, դարձյալ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանին` Ուդոյին: Նրանք խոստացել են մեծամասնականով պաշտպանել ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանին, իսկ համամասնականո՞վ… ԲՀԿ-ի համար աշխատելու հորդորներով Սեւան է հասել նաեւ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, որը անձնական թշնամանք ունի Սերգեյ Մանուկյանի` Շինանյութի Սերգեյի հետ: Ու քանի որ տեղի ՀՀԿ-ականները, չունենալով սեփական թեկնածու, հիմնականում աշխատում են Սերգեյի փեսա Կարեն Բոթոյանի համար, դա դուր չի եկել ՀՀԿ շտաբի պետին ու իր կողմնակիցներին:
Ի դեպ, ԲՀԿ-ն այստեղ բավականին հետաքրքիր իրավիճակ է ձեւավորել: Միանգամից երկու թեկնածուների է առաջադրել նույն 23 ընտրատարածքում. սեւանցի Էդուարդ Սահակյանը` պաշտոնապես ԲՀԿ-ի կողմից, իսկ վարդենիսցի Սմբատ Սիմոնյանը` ինքնաառաջադրմամբ, բայց դարձյալ «Կառուցենք բարգավաճ երկիր» կարգախոսով ու Ծառուկյանի հետ գովազդային պաստառներով: Երկակի խաղ է խաղում նաեւ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը. նա Վարդենիսում հորդորում է ընտրել Սմբատին, իսկ Սեւանում` Էդուարդին:  
Հիշեցնենք, որ թիվ 23 ընտրատարածքում պատգամավոր Հրանտ Մադաթյանին չթույլատրեցին առաջադրվել, դրա համար էլ նա իր վիրավորված ինքնասիրությունը փորձում է վերականգնել Էդուարդ Սահակյանի հաղթանակով` հընթացս պառակտելով հարազատ Ծովագյուղը: Թե ինչ կփոխի Սերժ Սարգսյանի այցը մարզում, կներկայացնենք հաջորդիվ:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս