Օրեր առաջ ԼՂՀ ԱԺ-ում քննարկվել է ԼՂՀ ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Մեր տեղեկություններով` քննարկմանը ներկա են լինելու ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության, հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության եւ հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանը եւ հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ժողովուրդ»-ն այս կապակցությամբ զրուցել է ԼՂՀ ԱԺ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ, ԼՂՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանի հետ:
-Պարոն Պետրոսյան, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը ՀՀ ԱԺ նույն հանձնաժողովի անդամների հետ քննարկել է ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Խնդրում եմ կոնկրետ նշեք, թե ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:
-Լսումների թեման ԼՂՀ ընտրական օրենսգիրքն է ու ինքն ամբողջությամբ նոր օրենք է, բայց հին օրենքից դրույթներ կան, որոնք ներառվել են այս նոր նախագծում:
-Նախագծի քննարկումը եղել է ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամների հետ, ո՞րն է դրա պատճառը:
-Ուղղակի, քանի որ իրենց փորձն ավելի շատ է, մենք դրա համար ցանկանում ենք իրենց հետ խորհրդակցել: Նաեւ հրավիրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ու լսումների ժամանակ իրենք իրենց տեսակետն են հայտնել նախագծի մասին: Հենց այդ լսումների հիման վրա էլ Արցախը կկողմնորոշվի նախագծի շուրջ:
-Բայց արդյո՞ք այս պահի դրությամբ ընտրական օրենսգրքի փոփոխությունն այդքան հրատապ է:
-Քանի որ մեր ընտրական օրենսգիրքը ընդունվել է 2004 թվականին, այսինքն՝ 10 տարի անցել է, ուստի փոփոխությունների, շտկման, նոր մեխանիզմներ դնելու անհրաժեշտություն կա: Օրինակ՝ մեզ մոտ նախկինում հաշմանդամների քվեարկությունը հստակեցված չէր, մենք դա հանել էինք 2004 թվականին, սակայն եվրոպական դիտորդներն առաջարկեցին դարձյալ ներդնել շրջիկ տուփերի գաղափարը՝ նշելով, որ ապահովված չէ բոլոր խավերի քվեարկության իրավունքը: Ու քանի որ մենք էլեկտրոնային քվեարկության անցնելու հնարավորություն չունենք, հիմա այդ շրջիկ տուփերի գաղափարը կարող է նորից շրջանառության մեջ մտնել: Հիմա հիմնական նյութը, քննարկման թեման դա է: Հետո նաեւ համամասնական, մեծամասնական ընտրակարգի փոփոխություն է լինելու, հիմիկվա գործող օրենսգրքով 17 համամասնական եւ 16 մեծամասնական տեղ է, բայց հիմա առաջարկություն կա, որ մենք անցում կատարենք կամ 100 տոկոս համամասնականի, որը պաշտպանում է Դաշնակցություն խմբակցությունը, կամ 22 համամասնական, 11 մեծամասնականի:
-Իսկ ըստ Ձեզ, հնարավո՞ր է անցում կատարվի 100 տոկոս համամասնական ընտրակարգի:
-«Ժողովրդավարություն» խմբակցությունը կողմնակից է 22 համամասնական, 11 մեծամասնական ընտրակարգին անցնելուն, բայց դեռեւս առաջարկ չի արվել, իրենց պաշտոնական դիրքորոշումը դեռեւս չկա: Երեւի իրենց պաշտոնական դիրքորոշումը կլինի այդ լսումների ժամանակ կամ հաջորդ օրը՝ ԼՂՀ ԱԺ նիստի ժամանակ:
-Հայաստանում ներկայում քաղաքական օրակարգի առաջնային հարցը սահմանադրական բարեփոխումներն են: Ի՞նչ մոտեցում ունի Արցախի ԱԺ-ն այդ հարցի շուրջ, հնարավո՞ր է Արցախը եւս սահմանադրական բարեփոխումներ սկսի:
-Պաշտոնական որեւէ քննարկում չկա, բայց նույն ՀՅԴ-ն առաջարկում է անցնել խորհրդարանական կառավարման, «Ազատ հայրենիքը» եւս կողմնակից է պառլամենտական հանրապետության, իսկ «Ժողովրդավարություն» խմբակցությունը դեռեւս կողմնակից է նախագահական ինսիտուտին: Բայց նորից եմ կրկնում՝ որեւէ քննարկում չի սկսվել: Նաեւ նշեմ, որ եթե Հայաստանում արդեն պաշտոնապես շրջանառության մեջ դրվի նոր հայեցակարգը, մենք էլ ենք այդ քննարկումներն այստեղ սկսելու: Մենք էլ ենք ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին խնդրել, որ այդ հարցում օգնի մեզ: Այսինքն՝ եթե նախագիծը լինի ՀՀ-ում, մենք էլ կվերցնենք ու Արցախում կքննարկենք: Հաշվի առնելով մեր տարբերությունները ՀՀ-ի հետ՝ դա կվերցնենք որպես նախնական քննարկման նյութ ու կսկսենք քննարկել: Այդուամենայնիվ` դեռեւս վաղ է ասել, թե ԼՂՀ քաղաքական ուժերն ինչ դիրքորոշում կունենան այդ հարցի հետ կապված: Նախ` ՀՀ-ում պետք է լինի հստակություն, որ այստեղ քննարկենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ