«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, թե չի վախենում Վարդենիսի տուն-ինտերնատի նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանին աշխատանքից հեռացնելով՝ հաշվի առնելով, որ միգուցե հանրապետականների հետ կարող է խնդիր ունենալ. «Ես չեմ կարծում, որ նման խնդիր կա կամ նման խնդիրները որեւէ ձեւաչափով կքննարկվեն»:
Հիշեցնենք, որ Վարդենիսի տուն -ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը անցած ամիս աշատանքից ազատման դիմում գրեց, քանի որ չարաշահումներ հայտնաբերվեցին: Նա ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի մորեղբոր տղան է եւ վերջինիս շնորհիվ էր շարունակում աշխատել տուն-ինտերնատում:
Այդ թեմայով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:
-Պարոն Ասատրյան, ինչո՞ւ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանն աշխատանքից ազատման դիմում գրեց: Ասում են՝ ինքնակամ չի հեռացել տուն-ինտերնատից, այլ՝ չարաշահումներ են եղել, ինչի համար խորհուրդ են տվել դիմում գրել, գնալ: Կասե՞ք՝ ինչ է կատարվում:
-Նախ ասեմ, որ ընդհանրապես համակարգում գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություններում մենք իրականացնում ենք ընթացիկ աշխատանքների մոնիթորինգ, աշխատանքների արդյունավետության գնահատում եւ նաեւ ներքին աուդիտ: Այդ ներքին աուդիտի արդյունքները քննարկվել են նաեւ աուդիտի կոմիտեի նիստում եւ, մասնավորոպես, որոշակի ուղղությունների, գործունեության հետ կապված աշխատանքները գնահատվել են ոչ բավարար: Արդյունքում՝ այդ ամենը կարգավորելու համար սկսել են անհրաժեշտ միջոցառումներ իրականացվել: Իսկ կոնկրետ՝ նախկին տնօրենը աշխատանքից հեռացել է իր դիմումի համաձայն:
-Այսինքն, չարաշահում չի եղել, սակայն որոշ աշխատանքներ Նվեր Հովհաննիսյանի ժամանակ թերի են կատարվել:
-Այո, այո:
-Բոլորը շատ լավ գիտեն, որ Նվեր Հովհաննիսյանը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի բարեկամն է: Չե՞ք վախենում, որ ՀՀԿ-ականները չեն ների Ձեզ, նրան աշխատանքից հեռացնելու համար:
-Ես չեմ կարծում, որ նման խնդիր կա, կամ նման խնդիրները որեւէ ձեւաչափով կքննարկվեն: Կոնկրետ մեր համակարգում գործող պետական ոչ առեւտրային կազմակերպությունում պետք է աշխատեն ու աշխատում են մարդիկ, ովքեր բացառապես իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու համար են նշանակված: Եթե որեւէ անձ ինչ-որ անձի հետ բարեկամական կամ ազգակցական կապ ունի, չի նշանակում, որ բացառապես այդ արժանիքների համար պիտի աշխատի: Կարծում եմ, որ այդ մարդիկ եւս ունեն արժանիքներ:
-Նվեր Հովհաննիսյանին փոխարինել է Արտակ Հարությունյանը. նրան որտեղի՞ց եք գտել:
– Արտակ Հարությունյանին նշանակել եմ տուն-ինտերնատի ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ օրենքի՝ տնօրենը նշանակվում է մրցույթի արդյունքում: Կլինի մրցույթ, կլինեն դիմողներ՝ կտեսնենք: Հայտարարությունն արդեն տրված է:
-Հետաքրքիր է՝ ժամանակավոր պաշտոնակատարը իրավասություն ունի՞ կադրային ջարդ անել տուն-ինտերնատում:
-Ինչո՞ւ եք այդ տերմինը օգտագործում՝ կադրային ջարդ: Նման մեկնաբանություն չեմ տա: Բնականաբար, ժամանակավոր պաշտոնակատարը որպես տնօրենի պարտականություններ իրականացնող անձ, իր իրավասությունների շրջանակում պարտավոր է իրականացնել որոշակի աշխատանքներ: Իսկ մեր գնահատականը պայմանավորված կլինի իրականացված աշխատանքներով: Եթե ժամանակավոր պաշտոնակատարը որեւէ քայլ է արել, որը միտված է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ապա դա պետք է ողջունել, իսկ եթե լինեն այլ կարգի քայլեր, բնականաբար մենք թույլ չենք տա, կարձագանքենք ոչ օրինաչափ գործողություններին:
-Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակեց, որ տուն-ինտերնատի 450 բնակչի սպասարկում է մեկ հոգեբույժ: Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրն աշխատավարձն է:
-Իսկապես ցավալի խնդիր է, բայց այդքան՝ աշխատավարձը չէ խնդիրը: Գրավոր դիմել եմ առողջապահության նախարարին, կրթության եւ գիտության նախարարին՝ խնդրելով կրթական հաստատություններում պատվերները տեղադրելիս հաշվի առնեն այս խնդիրը, որ հեռավոր բնակավայրերում բժիշկների կարիք ունենք: Այս խնդիը կա վաղուց, բայց առաջիկայում կհաջողվի լուծել, քանի որ իսկապես սա լուրջ խնդիր եմ համարում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ