Տավուշի մարզում աշակերտ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների թիվը տարեցտարի նվազում է: Աշակերտների մի մասը ծնողների հետ վերաբնակվում է Երեւանում, հանրապետության այլ վայրերում, մի մասն էլ արտագաղթում է Ռուսաստան: Մոսկվա քաղաքում դպրոցներ կան, որոնց դասարանների աշակերտների մեծ մասը Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղից սերվածներն են: Խորհրդային շրջանում Մովսեսի միջնակարգ դպրոցը մինչեւ 1200 աշակերտ է ունեցել:

Մովսեսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանն ասաց, որ այս ուսումնական տարում աշակերտների թիվը 138 է: Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանից էլ տեղեկացանք, որ նոր ուսումնական տարում իր ղեկավարած դպրոց է հաճախում 238 աշակերտ: Օգոստոսի սկզբին տեղի ունեցած գնդակոծությունների հետեւանքով Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթիից 10 աշակերտ տեղափոխվել է Ռուսաստան, Իջեւան եւ Վանաձոր:

1970-ական թվականների առաջին կեսին Կոթիի միջնակարգ դպրոցն ուներ շուրջ 800 աշակերտ: Հայաստանից արտագաղթած երեխաներին մեծ դժվարությամբ է հաջողվում Ռուսաստանում հանրակրթական դպրոցների համապատասխան դասարաններում «ինտեգրվել»: Ռուսաստան տեղափոխվելուց հետո կարիքավոր ընտանիքների շատ երեխաներ այդպես էլ ուսումը չեն շարունակում, կամ էլ «նստում են» ավելի ցածր դասարաններում: Ոսկեպար գյուղի բնակչուհիներից մեկը մեզ պատմեց, որ իր թոռնիկն այս տարի հիմնական բնակության է տեղափոխվել Ռուսաստան: Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերից մեկում նա ավարտել է 2-րդ դասարանը եւ ուսումը շարունակում է Վորոնեժ քաղաքում :

Տեղի դպրոցներից մեկում հայկական դպրոցի երկրորդ դասարանն ավարտածին ցանկացել են առաջին դասարան նստեցնել: Գործին խառնվել է երեխայի հայրը, ով դպրոցի տնօրենին մի քանի շիշ հայկական կոնյակ է նվիրել, եւ երեխային ընդգրկել են 2-րդ դասարանում: Սահմանամերձ դպրոցների աշակերտների թվի նվազումը խնդիրներ է ստեղծում այդ դպրոցների պահպանության եւ կրթօջախների աշխատողներին նորմալ վարձատրելու հարցում: Եվ ամենակարեւորը՝ արտագաղթի հետեւանքով սահմանագոտին դատարկվում է, Հայաստանը կորցնում է իր վաղվա զինվորներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս