Լևոն Հայրապետյանի գործով «գաղտնի ինտրիգները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «ԱՖԿ Սիստեմա» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը տնային կալանքի է ենթարկվել: Նա մեղադրվում է «Բաշնեֆտ»-ի գործով ֆինանսական միջոցների լվացման մեջ: Այս փաստը հետաքրքիր զարգացումներ է խոստանում, քանի որ այս գործով կալանավորված է նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը: Ռուսական լրատվամիջոցներն այս գործով հետաքրքիր մանրամասներ են հաղորդում:

Մասնավորապես, Եվտուշենկովը «Բաշնեֆտ»-ի գործով ՌԴ Քննչական կոմիտեի կողմից հարցաքննվել էր դեռևս ապրիլի 28-ին: Արդեն հուլիսի կեսին Բասմանի դատարանը կալանքի տակ էր դրել «Բաշնեֆտ»-ի ակցիաների 84.33 %-ը: Իսկ օգոստոսի կեսին միաժամանակ մեղադրանք էր առաջադրվել նաև ընկերության նախկին ղեկավար Ուռալ Ռախիմովին` Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրտազ Ռախիմովի որդուն: Ինչպես արդեն նշել էինք, այս գործով կալանավորվեց  նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը, ով համարվում է Ռախիմովի գործընկերը:

«ԱՖԿ Սիստեմա»-ն բաշկիրյան ընկերության ակցիաները ձեռք էր բերել 2009թ. ապրիլի 9-ին: Գործարքի արժեքը կազմել է 2.5 մլրդ դոլար:  Հետաքննության վարկածով, Ուռալ Ռախիմովն օգտագործել է իր հոր դիրքը, ով և «առևանգել» է ընդհանուր 130 մլրդ ռուբլի արժողությամբ ակցիաները, որն էլ վաճառել է «Սիստեմա»-ին:

Այն, որ Վլադիմիր Եվտուշենկովն ունի վառ արտահայտված քաղաքական նկրտումներ, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Երբ հոլդինգի սեփականատեր դարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պարզ դարձավ, որ այն «քաղաքական շնորհակալություն» էր` Հայաստանում ռուսական բիզնեսի շահերի լոբինգի համար :

Վլադիմիր Եվտուշենկովին է պատկանում «ԱՖԿ Սիստեմա» հոլդինգի բաժնետոմսերի 64.18 %-ը: Հոլդինգի կազմում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են` MTC-ը, «Բաշնեֆտ»-ը , «Ինտուրիստ»-ը, «Մեդսի» կլինիկաների ցանցը,  Sistema Shyam TeleService հնդկական բջջային օպերատորը, «Սիստեմա Մասս-Մեդիա» հոլդինգը և այլն: 2013թ. ԱՖԿ-ն իր ակտիվները գնահատում էր 43.2 մլրդ, հասույթը կազմում էր 35.9 մլրդ դոլար, իսկ մաքուր եկամուտը` 2.3 մլրդ դոլար:

Շատերին է անհանգստացնում, թե ինչ է սպասվում Լ. Հայրապետյանին` Եվտուշենկովի տնային կալանքից հետո: Առողջական խնդիրներ ունեցող Հայրապետյանը գտնվում է մեկուսարանում այն դեպքում, երբ մեծ հանցանք կատարած Եվտուշենկովն իր պատիժը տանն է կրում: Հայրապետյանի մտերիմները կարծում են, որ դատարանն արդեն պետք է ընդունի փաստաբանների բողոքն ու փոխի Հայրապետյանի կալանքի միջոցը:




Լրահոս