ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՎԵՇՏՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական քարոզարշավը լայն դաշտ է բացել պոպուլիզմի համար: ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում հաճախ այնպիսի խոստումներ են գրել, որ արդյունքում հայտնվել են հիմար դրության մեջ:
Իշխանական կուսակցությունների նախընտրական ծրագրերին անդրադառնալու առիթ «Ժողովուրդ»-ն ունեցել է: Հատկանշական է, որ ե՛ւ ՀՀԿ, ե՛ւ ԲՀԿ, ե՛ւ ՕԵԿ նախընտրական ծրագրերն իրենց բովանդակությամբ հիշեցնում են քեֆի սեղանի շուրջ հնչեցված գեղեցիկ կենացների շարան: Այստեղ ընդամենը գեղեցիկ խոստումներ են` առանց որեւէ կոնկրետ արդյունքի ակնկալիքի:
Սակայն կա եւս մեկ ուշագրավ հանգամանք. նույն ՀՀԿ-ն այնպիսի զավեշտալի խոստումներ է տալիս, որ տպավորություն է ստեղծվում, թե այս կուսակցությունը որոշել է ծաղրել ժողովրդին: Օրինակ` ՀՀԿ-ն խոստանում է «Երեւանին վերադարձնել իր ճարտարապետական շունչը»: Ավելի մեծ պոպուլիզմ, թերեւս, անհնար է երեւակայել. բանն այն է, որ իշխանությունները հետեւողականորեն ոչնչացրել են Երեւանի կենտրոնը` քաղաքի պատմական, կոլորիտային շենքերը քանդելով ու դրանց փոխարեն երկաթբետոնե երկնաքերեր կառուցելով: Ընդ որում, Հյուսիսային պողոտայում կառուցված շենքերի սեփականատերերից ոմանք հանգրվանել են հենց ՀՀԿ ցուցակում: Եւ ահա այս ամենից հետո ՀՀԿ-ն ընտրությունների նախաշեմին որոշել է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ: Միայն թե անհասկանալի է` ինչպես են մայիսի 6-ից հետո ՀՀԿ-ականները ձեռնամուխ լինելու իրենց իսկ պատկանող երկնաքերերը քանդելուն եւ հինը վերականգնելուն: Եւս մեկ ուշագրավ հանգամանք. ՀՀԿ-ն խոստանում է նաեւ. «Նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը կուղղվի մասնավոր ներդրումների եւ երկրի ազգային մրցունակության կարողությունների ավելացմանը, հայկական ապրանքների համար նոր շուկաների բացահայտմանը»: Թե ինչ ճակատագրի արժանացավ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը, հայտնի է ամենքին. հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվեց, իսկ Սերժ Սարգսյանն էլ ստիպված եղավ խոստովանել, որ թուրքերն իրեն խաբել են:
Զավեշտալի դրույթների կարելի է հանդիպել ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր կուսակցությունների ծրագրերում: «Ժառանգության» ծրագիրն, ըստ էության, հիշեցնում է քաղաքագիտական վերլուծություն: Փորձելով երրորդ ուժի համբավ ձեռէբերել՝ «Ժառանգություն»-ը նախ պատմական անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյա պատմությանը: Այնուհետեւ ներկայացրել իր ծրագրային հիմնադրույթները: Օրինակ «Ժառանգություն»-ը խոստանում է «ապահովել Մեծ վերադարձ դեպի Հայաստան»: Միանգամից ակնհայտ է, որ այս տողերի հեղինակը սփյուռքահայ է` Րաֆֆի Հովհաննիսյանը: Եւ ահա նա իր Մեծ վերադարձի շնորհիվ ակնկալում է. «5 տարվա ընթացքում Հայաստանից  մեկնողների եւ վերադարձողների հաշվեկշիռը կդառնա դրական` տարեկան միջինը առնվազն 100.000 մարդ: Երկարաժամկետ կտրվածքով` առաջիկա 10 տարիների համար ապահովել առնվազն 4, իսկ առաջիկա 15 տարիների համար` 5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստան»: Այն, որ Հայաստանում օրինակարգ իշխանությունների հաստատման դեպքում հնարավոր կլինի կանխել արտագաղթը, նպաստել ներգաղթին, ակնհայտ է: Բայց թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը տարեկան ապահովելու 100 հազար մարդու վերադարձ, անհասկանալի է. հետաքրքիր է, նա մտադիր է «Ժառանգության»` «Գալիս ենք» գրությամբ ավտոբուսներով գնալ ՌԴ, Եվրոպա՝ մարդկանց համոզելով տեղափոխել Հայաստա՞ն, թե՞ ստիպողաբար վտարելու է այնտեղից:
Մի խոսքով, ստացվել է այնպես, որ իրենց ծրագրերում կուսակցություններն ընկել են ոչ թե չափազանցության, այլ արդեն մոլորության մեջ: Միայն թե, մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին պայքարն ընթանալու է ոչ թե կուսակցությունների ներկայացրած ծրագրերի միջեւ, այլ` քաղաքական դաշտը բաժանվել է երկու թեւի` քաղաքական մենաշնորհ հաստատելու փորձեր անող ՀՀԿ-ի եւ նրա կցորդը դարձած ՕԵԿ-ի ու այդ մենաշնորհի դեմ պայքար մղող մյուս բոլոր ուժերի միջեւ: Ու այստեղ այլեւս կարեւոր չէ` ով ինչ ծրագիր է ներկայացնում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
շարունակելի




Լրահոս