15 տարով ազատազրկման դատապարտված, պատիժը 14 տարի 6 ամիս կրած «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Բաղդասարյանը երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացավ:
Armlur.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի Լեռնուտ համայնքի ղեկավար Վարազդատ Բաղդասարյանը հայտնեց, որ հարազատները ցավով, սակայն գիտեին, որ Արթուրի մահը հեռու չէ:
Լյարդի ցերոզով տառապող դատապարտյալը 16 տարի առաջ սպանել էր համագյուղացուն, և Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել:
Վարազդատ Բաղդասարյանի փոխանցմամբ` Արթուրը երկու անչափահաս դստրեր ունի, ովքեր գտնվում են տարեց մոր և կնոջ խնամակալության տակ:
«Նոր էր ամուսնացել, որ էդ դեպքն էղավ: Ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում են ապրում ընտանիքի անդամները: Ամբողջ ցավն էն ա, որ գիտեին, որ մի էդ օրը գալու ա, Արթուրը կմեռնի: Մենք էին մեկ-մեկ օգնում, որ տեսակցության գնան բանտ, իրանց հնարավորությունները չէին ներում: Հիմա էլ մի քանի գառ ունեն ու ոչխար, անասնապահությամբ են զբաղվում, ապրում են էլի»,- հայտնեց գյուղապետը:
Վերջինս ափսոսանքով հայտնեց, որ արդեն մեկ տարի է` մահացած դատապարտյալի հարազատները օրեր էին հաշվում, երբ պետք է Արթուրը վերջապես տուն վերադառնա, սակայն… դստրերին մեծացնելու և դաստիարակելու բախտ նրան այդպես էլ չվիճակվեց:
Տաթև Հարությունյան