ԱՍՖԱԼՏ ՓՌԵՄ ՈՏՔԻԴ ՏԱԿ
Այսօր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կայցելի Գեղարքունիքի մարզ: Henaran.am-ի տեղեկությունների համաձայն` Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը կարգադրել է, որ ամեն ինչ հավուր պատշաճի լինի: Այդ պատճառով արդեն 3 օր ու գիշեր չեն քնում Գավառի ճանապարհաշինարարները: Նրանք ասֆալտապատում են միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհները: Արագածոտնի մարզ կատարած այցելությունների ժամանակ ՀՀԿ նախագահը մարզպետ Սարգիս Սահակյանին խիստ նկատողություն է տվել քարուքանդ ճանապարհների համար: Ուստի Նվեր Պողոսյանը հավանաբար զգուշանում է գործընկերոջ ճակատագրին արժանանալուց:
ԼԵՎՈՆԸ ՉԿԱՐ
«Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը պետք է հարգենք` Հայաստանը հզոր ժողովրդավարական պետություն դարձնելով»,-ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ լրագրողներին ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նշենք, որ Ծիծեռնակաբերդում ներկա չի եղել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
ՄԻԱԿԸ ԲԱԿՈՆ Է
Ապրիլի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանն իր թեկնածությունն է առաջադրել հուլիսի 19-ին կայանալիք հանրապետության նախագահի ընտրություններում: Բակո Սահակյանը ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաառաջադրման մասին փաստաթղթերը: Տվյալ պահին նա միակն է, ով հաստատել է նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշումը:
ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը, ով նախկինում զբաղեցնում էր բուհի պրոռեկտորի պաշտոնը: Ավելի վաղ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել բուհի իրավական, վարչական եւ տնտեսական հարցերով պրոռեկտոր Գաբրիել Բալայանը, ով, սակայն, հրաժարվել է այդ պաշտոնից:
ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ԴԱՏԱՐԿ ԽՈՍՔԵՐԸ
Թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբն ահազանգում է նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու մասին: «Ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում քարոզարշավ անցկացնելու ընթացքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փորձել են խոչընդոտել Վլադիմիր Կարապետյանի քարոզարշավը: ՀՀԿ եւ Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում հրահրել են քաշքշոց, աղմկել եւ սադրիչ հայտարարություններ տեղացել ՀԱԿ թեկնածուի թիմակիցների հասցեին: Միջադեպի վտանգավոր զարգացումը հնարավոր եղավ կանխել Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչների ակտիվ մասնակցությամբ, ինչի շնորհիվ ՀՀԿ ներկայացուցիչները չկարողացան ձախողել Վ. Կարապետյանի հանդիպումը: Օրինակելի եւ քաղաքակիրթ ընտրապայքարի մասին դատարկ հայտարարություններ անող Ս. Ֆարմանյանի կողմից տեղի ունեցած քաշքշուկի եւ քարոզարշավը խոչընդոտելու մասին արձագանքի բացակայությունը վկայում է, որ միջադեպն ուղղորդված էր ՀՀԿ կուսակցության եւ նրա թեկնածուի կողմից»,-ասված է հայտարարության մեջ:
ՌՈՏԱՑԻԱ
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երդման արարողությունից հետո կլքի «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցության նախագահի պաշտոնը եւ այն կառաջարկի Դմիտրի Մեդվեդեւին: «Մեզ մոտ փորձ է ձեւավորվել, որ նախագահը համարվում է վերկուսակցական մարմին: Սահմանադրությունը չի արգելում նախագահին որեւէ կուսակցության անդամ լինել, բայց, այնուամենայնիվ, նախագահն առաջին հերթին համախմբող մարմին է»,-հավելել է Պուտինը: Լավ կլիներ, որ Ռուսաստանին ամեն ինչում կրկնօրինակող Հայաստանի նախագահը եւս դա ըմբռներ: