ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի ակադեմիայի Գավառի մասնաճյուղի մարզիչ Վրեժ Դաշտոյանը մեղադրում է ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանին իրեն անօրինական կերպով աշխատանքից ազատելու եւ ֆինանսական չարաշահումների մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի  խմբագրությանը  նամակով  դիմել  էր  Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 38/21  տան բնակիչ Վրեժ Դաշտոյանը` տեղեկացնելով,  որ  2011թ. փետրվարի 1-ին Հայաստանի շախմատի ակադեմիան իրեն ազատել է  Գավառ քաղաքում շախմատի մարզչի աշխատանքից` համաձայն ՀՀ աշխատանքային  օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով: Ըստ նամակագրի` իր ազատման միջնորդությունը, անձնական մղումներից ելնելով, շախմատի ֆեդերացիա է  ներկայացրել  Գեղարքունիքի փոխմարզպետ Ա. Ղուկասյանը: Դաշտոյանի տեղեկացմամբ, ՀՀ շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանն իրեն ազատել է այն բանից հետո, երբ մարզիչը հրաժարվել է իր աշխատավարձից 10-հազարական տալ Գավառի քաղաքապետարանի Սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Սուսաննա Կեւեյանին եւ շախմատի մարզիչ Նինա Սաֆարյանին:
Վ. Դաշտոյանը պնդում է, որ իր ազատման հրամանը տրվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտմամբ, ինչի կապակցությամբ ինքը դիմել է դատարան: Սակայն Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Դաշտոյանի հայցադիմումը` պատճառաբանելով, թե վերջինս բաց է թողել բողոքարկման մեկամսյա ժամկետը: Այնուհետեւ Դաշտոյանը դիմել է Վերաքննիչ դատարան, որը 07.09.2011թթ. որոշմամբ բավարարել է հայցվորի բողոքը, բեկանել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ գործն ուղարկել ստորադաս նույն դատարան` ամբողջ ծավալով քննության` ազատման հրամանի բողոքարկման ժամկետի մասին ոչինչ չնշելով: Սակայն Շենգավիթի դատարանում կրկին կայացրել են նույն որոշումը, ըստ որի` Վ. Դաշտոյանը բաց է թողել բողոքարկման մեկամսյա ժամկետը: Փաստորեն, մի դատարանում մի բան են ասում, մյուսում` այլ: «Հիմա ես ո՞ւմ հավատամ»,-տարակուսում է քաղաքացին:
«Ժողովուրդ»-ը գնաց նամակի հետքերով: Գեղարքունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանից փորձեցինք պարզել Վ. Դաշտոյանի` աշխատանքից ազատման պատճառը: Վերջինս դժկամությամբ պատասխանեց. «Ա՛յ մարդ, էս նախընտրական քարոզարշավի շրջանում էդ ի՞նչ հարցեր եք տալիս»: Ապա «խիստ գրագետ» շախմատիստը բացատրեց. «Եթե անգրագետ եք, ասեմ, որ էդ շախմատի դպրոցը պատկանում է քաղաքապետարանին, իրե՛նց էլ հարցրեք»: Մինչդեռ Գավառի քաղաքապետարանի պատասխանը հակառակն ապացուցեց: Մեր հարցադրմանը, թե ինչով է պայմանավորված Դաշտոյանի գործում իր անվան հիշատակումը, փոխմարզպետ Ա. Ղուկասյանը պատասխանեց. «Մարզչին ազատել է Լպուտյանը, ես էդ ամենի հետ կապ չունեմ»:
Մենք հանդիպեցինք եւ թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ Սմբատ Լպուտյանի հետ: Վերջինս մասնավորապես նշեց, որ բազմիցս դժգոհել է Վ. Դաշտոյանի մանկավարժական աշխատանքից, նաեւ մարզային առաջնություններից մեկում նրա կողմնակալ պահվածքը  դժգոհություն է առաջացրել եւ քննարկվել է ֆեդերացիայի նիստում: Ըստ Լպուտյանի` Դաշտոյանին աշխատանքից ազատել էին դեռեւս 2 տարի առաջ` պայմանով, որ վերջինս կաշխատի մինչ փոխարինող մարզիչ ընդունելը: Անդրադառնալով հարցի ֆինանսական կողմին` շախմատի ակադեմիայի նախագահն ասաց. «Դա արագացրեց Դաշտոյանի` աշխատանքից հեռացնելը: Նշյալ դպրոցի ստեղծման օրից ներքին պայմանավորվածություն կար, որպեսզի մարզիչն իր աշխատավարձից 10-հազարական դրամ տար երկրորդ մարզչին եւ տնօրենին, որպեսզի վերջինս հոգա դպրոցի խնդիրները: Ասեմ, որ Վրեժ Դաշտոյանը վատ մարզիչ էր, անպարտաճանաչ ու կոնֆլիկտային մարդ:  Աշխատանքային 7 տարիների ընթացքում ոչ մի ցուցանիշ չի արձանագրվել այդ դպրոցում: Մի խոսքով, նրան  գործից հեռացնելը համարում եմ արդարացի քայլ»:
Ինչեւէ, հարցը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում, որի կայացրած որոշմանը դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ, Վ. Դաշտոյանը բողոքում է դատարանների կողմնակալ, անօրեն ու անվստահելի գործելաոճից` նշելով, որ «արդար վճիռ սպասելը դարձել է երազանք»:

 ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս