Խաչատրյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի անվան լարային քառյակի 90-ամյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի հերթական համերգը կրում էր «Հանդիպում Խաչատրյանի հետ» խորագիրը։ Այն տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում եւ նվիրված էր Կոմիտասի անվան պետական լարային քառյակի 90-ամյակին։

Կոմիտասի անվան պետական լարային քառյակն աշխարհի հնագույն գործող քառյակն է: Հիմնադրվել է 1924թ. Մոսկվայի կոնսերվատորիայի հայ տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լեւոն Օհանջանյանի (2- րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) եւ Սարգիս Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար՝ Ե. Գուզիկով):

Հայաստանի կառավարության որոշմամբ 1932 թվականին քառյակին շնորհվել է մեծն Կոմիտասի անունը:

Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերի կատարմամբ հնչեցին Խաչատրյանի կամերային գործերը՝ Տոկատ դաշնամուրի համար, Պար թիվ 1 ջութակի եւ դաշնամուրի համար, Երգ-պոեմ ջութակի եւ դաշնամուրի համար, Տրիո կլարնետի, ջութակի եւ դաշնամուրի համար, Պոեմ դաշնամուրի համար եւ այլ ստեղծագործություններ։

Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի բոլոր համերգներն առցանց հեռարձակվում են փառատոնի պաշտոնական կայքէջում՝ www.akhif.am, ինչպես նաեւ նվագախմբի էջում՝ www.syoa.tv:




Լրահոս