ՆԱԽԱԳԱՀԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է, ԴԱՇՆԱԿՆԵՐԸ` ԴԺԳՈՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավշարի Արայիկը` Արայիկ Գրիգորյանը, վաղուց դարձել է երկրի նախագահի մտերիմ մարդկանցից մեկը: Պատահական չէ, որ Արայիկի «օբյեկտում» երբեմն հյուրընկալվում է երկրի ղեկավարը եւ վայելում սեփականատիրոջ ճոխ հյուրասիրությունը:
Սերժ Սարգսյանն իր` Արայիկի հանդեպ դրսեւորած կեցվածքով ցույց է տալիս, որ երբեմն ընկերական շահերը շատ ավելի առաջնային են, քան «նեղ կուսակցական»: Ուրեմն հենց այս «կոնցեպցիայով» էլ ՀՀԿ նախագահը կոչ է անում ձայն տալ դաշնակցական Արայիկ Գրիգորյանին: Իսկ այս հանգամանքը խանդ է առաջացրել մյուս դաշնակցականների մոտ, որոնք, վերջին տարիներին ընդդիմադիր-ընդդիմադիր խաղալով, կարծես «արտաքուստ» այնքան էլ չեն վայելել երկրի նախագահի համակրանքը: Իսկ ահա Արայիկ Գրիգորյանը վայելում է:
Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մեր նախագահը շատ է սիրում «հարուստ» կենսագրության տեր մարդկանց: Ընդամենը 49 տարեկան է Արայիկ Գրիգորյանը եւ, ի տարբերություն շատ պատգամավորների եւ օլիգարխների, շատ տեղերում չի աշխատել: Ծնվել է Ավշարում ու իր ամբողջ կյանքը կապել հենց Ավշարի հետ: 1989-ին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստացել տնտեսագետի որակավորում, 1982-84թթ. ծառայել խորհրդային բանակում ու… ու հետագա 5 տարվա մասին ոչինչ չի գրել իր կենսագրության մեջ: Որտեղ է եղել, ինչով է զբաղվել` հայտնի չէ: Այս հանգամանքն էլ առիթ է տվել ոմանց պնդելու, թե իբր նա գնացել է «խոպան»,  զբաղվել  «ցեխավիկությամբ»:
Մենք իրավունք չունենք հավատալ չստուգված փաստերին, շշուկներին, ուստի համոզված ենք, որ գոնե հերթական անգամ պատգամավոր դառնալուց հետո նա ստույգ կներկայացնի իր կենսագրությունը: Գուցե հետագայում ինչ-որ մեկը որոշի գիրք գրել նրա մասին, ինչո՞ւ խոր մտորումների մեջ ընկնի: Իսկ Արայիկ Գրիգորյանի մասին երեւի գիրք կգրվի, որովհետեւ այս մարդն էլ մեկն է նրանցից, որոնք, գործարար լինելով, արհամարհում են երկրի օրենքներն ու ձգտում դեպի խորհրդարան` այսպես ի ցույց ամենքի հաստատելով, որ իրենց համար օրենքներ գոյություն չունեն, մանավանդ որ երկրի նախագահն էլ սատարում է…
Ա. Գրիգորյանի աշխատանքային կենսագրությունը սկսվել է միայն 1989թ., երբ նա ընդունվել է Արարատի շրջանի հարկային տեսչություն որպես ավագ տեսուչ: Սակայն  երկար չի մնացել այստեղ եւ 1991-ից զբաղվել է մենատնտեսությամբ: Սրանից հետո արդեն նրա կենսագրությունը խճողված է: Գրել է, որ 1984-ից եղել է Արարատի մարզի Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահ: Սակայն նկատենք, որ նա 1984-ին չէր կարող խորհրդի նախագահ լինել, որովհետեւ ընդամենը 21 տարեկան էր, ավելին, նման հաստիք գոյություն չուներ: 1994-ից էլ չէր կարող, որովհետեւ այդ դեպքում Արարատի մարզ չպետք է նշվեր: Իրականում ե՞րբ է նա դարձել խորհրդի նախագահ: Շատ կուզենայինք այս հարցի պատասխանն ունենալ, որովհետեւ դրանից շատ բան է կախված: Ասենք՝ այն, թե ինչպես է կարողացել այսքան երիտասարդ տարիքում դառնալ նման գործարանի սեփականատեր:
Ինչեւէ. 2003-ին նա դարձել է ԱԺ պատգամավոր «Դաշնակցության» համամասնական ցուցակով: Դե, պրոլետարիատի շահերը պաշտպանող եւ հարուստների գույքը արդարաբար աղքատներին բաժանելու գաղափարախոսությամբ առաջնորդվող սոցիալիստական  կուսակցությանն էլ բուրժուազիայի ներկայացուցիչներ էին պետք, որպեսզի կուսակցությունն ապահովեր իր կապիտալը, իր շարքերում ունենար մարդիկ, որոնք կարող էին ցանկացած պահի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: 4 տարի խորհրդարանում լռելով` Ա. Գրիգորյանը շարունակեց իր ժամանակի մեծ մասը տրամադրել Ավշարի գինու գործարանին, որտեղ հիմա մարդիկ բավական ցածր աշխատավարձ են ստանում, սակայն «կերակրվում» ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի տեսլականով…
2007-ին էլ Ա. Գրիգորյանը խորհրդարան եկավ «Դաշնակցության» մանդատով եւ դարձյալ լռեց` այժմ արդեն 5 տարի շարունակ բացարձակապես չզբաղվելով օրինաստեղծ գործունեությամբ: Եւ հավանաբար ոգեւորված իր այս կարգավիճակով` հիմա էլ առաջադրվել է մեծամասնականով: Հավանաբար դաշնակ ընկերներն այլեւս չեն ուզում բուրժուազիայի ներկայացուցչին տեսնել իրենց համամասնական ցուցակում: Երեւի դա է պատճառը, որ Ա. Գրիգորյանն այս անգամ առաջադրվել է մեծամասնականով` մնալով «Դաշնակցության» թեկնածու: Հիմա Արայիկ Գրիգորյանը թիվ 18 ընտրատարածքում է առաջադրվել եւ մրցակցում է անկուսակցական Ռազմիկ Թեւանյանի հետ, ով Երասխի գինու գործարանի տնօրենն է: Ստացվում է, որ սպասվում է «ալկոհոլային» պայքար, մանավանդ որ այս ընտրատարածքից գործող պատգամավորն էլ «Վեդի ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանն է:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս