ՄԻ ՓՈՔՐ ԺՊԻՏ. ԼԻՐԻԿԱՆ ՈՒ ՀՈՒՄՈՐԸ «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական տիրույթում հաճախ են ծավալվում քաղաքական եւ սոցիալական հարցերի շուրջ քննարկումներ` համեմված հումորային թեմաներով:
Երեւի թե շատերը կհամաձայնեն, եթե ասենք, որ ֆեյսբուքյան տիրույթում ամենահայտնի` հումորով շաղախված մտքեր գրողներից մեկը` ArmeniaToday-ի գլխավոր խմբագիր  Արգիշտի Կիվիրյանն է: Շատերի համար ընդունելի եւ ընդդիմադիր կեցվածք ունեցող մեր գործընկերը հաճախ է կարողանում տարբեր իրադարձություններին վերաբերող հումորային ու խիստ իմաստալի մեկնաբանություններ գրել: Բերենք մի քանի օրինակ:
«Հայաստանի իշխանությունները բանակցություններ են սկսել Վարդան Մամիկոնյանի հետ` Ավարայրի ճակատամարտի անխտիր բոլոր մասնակիցներին, այդ թվում եւ փղերին, ընտրացուցակներում ընդգրկելու համար»…
«Ասում են` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր «Բենթլի»-ով ա ընտրությունների օրը մահացածների հոգիներին այն աշխարհից հասցնելու ընտրատեղամասեր»…
«Փաստորեն պարզվեց, որ «Հավատա, որ փոխվես» կարգախոսն ուղղված էր միմիայն մեռելներին. եթե մահացածները սկսում են հավատալ Հանրապետական կուսակցությանը, ապա վերափոխվում եւ դառնում են ընտրաձայն»…
«Լոռու մարզից տեղեկացրին, որ ոչ միայն Հովհաննես Թումանյանին են ընդգրկել նախընտրական ցուցակներում, այլ նաեւ տենց էլ մոր փորից դուրս չեկած Կիկոսին»…
«Հաշվի առնելով ընտրություններում մասնակցող մեռելների որոշիչ գործոնը` առաջարկվում ա Ազգային Ժողովը վերանվանել Մեռելների ժողովի»…
«Ասում են` մեռելներով ընտրացուցակները լցրած Հայաստանի իշխանությունները որոշել են Հովիկ Աբրահամյանի փոխարեն Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ նշանակել Գաբրիել հրեշտակին»…
«Ասում են` նախընտրական հողի վրա Չիբուրաշկան բաժանվել ա կոկորդիլոս Գենայից»…
«Ասում են` կուսակցությունների կողմից ներկայացված ընտրական ցուցակներին ծանոթանալուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահակը փորձել ա ինքնասպանություն գործել»…
«Արա՛, տո դուք փոխվեք էլ, մենք ձեզ հավատացողը չենք»…
«Ասում են` գյուղացի Համբոն իր զավակին` Գոքորին, բերել էր Երեւան, որեւէ կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկելու համար»…
«Ինչ որ մեկը տեղյա՞կ ա, թե ինչով ա ընդհանրապես զբաղվում Սփյուռքի նախարարությունը, ժամանակ առ ժամանակ տիեզերագնացներ ընդունելուց զատ»…

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս