Ինչպես Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի նախկին տեսուչ, մոտ 19 ամիս կալանքի տակ գտնվող Տիգրան Մելիքյանը մոտ երկու շաբաթ հացադուլի մեջ է եղել:
Armlur.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զայիլյանը տեղեկացրել էր, որ կալանավորը նամակ-խնդրագրով դիմել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանին` իր հետ հանդիպելու համար, սակայն նամակն անպատասխան է մնացել: «Քանի որ «Վանաձոր» ՔԿՀ-ն տարիներ շարունակ բժիշկներ չունի, կալանավորի հայրը ստիպված քաղաքից բժիշկ է տարել, որ որդուն զննեն:
Բժիշկն էլ ասել է, որ նրա վիճակը շատ վատ է և անհամատեղելի է հացադուլի հետ: Սակայն ոչ մի արձագանք համապատասխան կառույցներից դեռևս չկա: Մենք ամեն կերպ փորձել ենք կապ հաստատել դատախազի տեղակալի հետ, սակայն նա իր քարտուղարուհուն ասել է, որ փոխանցի, թե չի ցանկանում պատասխանել հեռախոսազանգերին»,- հավելել էր իրավաբանը:
Քիչ առաջ տեղեկացանք, որ դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանը խոստացվածի համաձայն, նույն օրն այցելել է կալանավորին, ինչից անմիջապես հետո վերջինս դադարեցրել է հացադուլը: Իրավաբան Արայիկ Զայիլյանը մեզ հայտնեց, որ տեղյակ չէ, թե ինչ է խոստացել կալանավորին դատախազի տեղակալը, և ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, սակայն իրեն այցելած կալանավորի հայրը կցկտուր ներկայացրել է որոշ մանրամասներ, որոնց համաձայն` դատախազն, այնուամենայնիվ, ինչ-որ բաներ խոստացել է:
«Մենք հիմա պատրաստվում են կարևոր հաղորդագրություն տարածել, որում նշվում է, թե ինչ բացահայտումներ է արել Տիգրան Մելիքյանը պաշտոնավարման ընթացքում, որոնց քննությանը, սակայն, ոչ մի ընթացք չի տրվել, և մեղավորներն անպատիժ են մնացել: Տեղեկացնեմ, որ ոստիկանության պետի տեղակալը և մի շարք այլ աշխատակիցներ նույնպես ներգրավված են եղել այդ գործերում: Ծանոթների միջոցով բոլոր քրեական գործերը փակվել են»,- հայտնեց ՀՔԱ իրավաբանը:
Հիշեցնենք, որ Մելիքյանը մեղադրվում է 2013թ. մայիսի 15-ին Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու` Մոտկորի անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ: Հարուցված քրեական գործը` 104 հոդվածի հատկանիշներով, Տիգրան Մելիքյանը չի ընդունում և, որպես բողոքի նշան, անժամկետ հացադուլ էր հայտարարել: