Ռուսաստանյան քաղաքական էլիտան հիմնահատակ մաքրման եզրին է: Արևմուտքի հետ ակնհայտ առճակատման գնացած Ռուսաստանը նպատակադրվել է ազատվել իր ներսում բուն դրած արևմտամետներից:
«Русская весна» պարբերականի «Ֆյոդորովը պատրաստում է էլիտան գլոբալ մաքրման» վերտառված հոդվածում ասվում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր դստերը Ռուսաստան է տեղափոխել այն դեպքում, երբ աղջիկը հայրենիքում չի ապրել և անգամ փոքր-ինչ մոռացել է ռուսաց լեզուն:
Կայքը տեղադրել է իշխող «Եդիանայա Ռոսիայից» Պեդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովի հետ հարզացրույցի տեսագրությունը, ուր նա հայտարարում է Ռուսաստանում արևմտամետներից ազատվելու իր ծրագրի մասին:
«Այժմ էլիտան որոշում է կայացնում, թե նա ում կողմից է … ՝ ինտերվենտների, ֆաշիստների, օկուպանտների, ամերիկացիների, թե՝Ռուսաստանի և Պուտինի: Վերջերս Սերգեյ Լավրովն արել է իր ընտրութկունը՝ դստերը վերադարձնելով Ռուսաստան», – հայտարարել է Ֆյոդորովը:
«Նկարահանող խումբը կեղծ զարմանք է խաղում՝ ինչպես թե, Լավրովի դուստրը Ամերիկայու՞մ էր բանկվում: Սակայն Ֆյոդորովը հանգստացնում է՝ «ոչինչ, այս պահից Լավրովն արդեն կողմնորոշվել է»», – նշվում է հոդվածում:
Ըստ ռուսաստանյան պարբերականի, չկողմնորոշվածների ցանկը բավականաչափ ընդգրկուն է, և Ֆյոդորովի խմբին մեծ աշխատանք է սպասում՝ հասարակությունը արևմտամետ պաշտոնյաներից և քաղաքական գործիչներից ազատելու ուղղությամբ:
Ըստ այդ ցուցակի, մասնավորապես, արևմտյան երկրներում սովորում կամ մշտապես բնակվում են Պետդումանի փոխխոսնակներ Ս. Ժելեզնյակի, Ա. Ժուկովի, Ս. Անդենկոյի, Դ. Կոզակի, այլ պատգամավորների և քաղաքական գործիչների ընտանիքների անդամները:
Ակնհայտ է, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական քաղխորհրդի անդամի և Պետդումայի տնտեսական քաղաքականության և գործարարության կոմիտեի նախագահի հայտարարությունները չեն կարող պատահական կամ իր սեփական նախաձեռնության արդյունք լինել: Ռուսաստանն այն երկիրն է, որն ավանդաբար՝ երկրի համար ճգնաժամային իրավիճակներում, սկսում է «ժողովրդի թշնամիներ» փնտրել և վերացնել, և այս ամենից ստալինյան երեսունականների գարշահոտություն է փչում: