Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի ունեցան նաեւ Շիրակի մարզում: Նախ` ավանդական դարձած ջահերով քայլերթը, որը սկսվեց Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցուց: Այնտեղ երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը, հետո «Արդարություն» «Թուրքիա՛, ճանաչի՛ր Ցեղասպանությունը» «Ճանաչո՛ւմ» «Հատուցո՛ւմ» վանկարկումներով, ջահերն ու պաստառները ձեռքերին` երթի մասնակիցներն անցան Գյումրու կենտրոնական փողոցներով: Երթի վերջին հանգրվանը Գյումրու կենտրոնական հրապարակն էր` Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող խաչքարերի պուրակը: Իսկ Սուրբ Յոթվերք եկեղեցում, ինչպես ամեն տարի, այս անգամ էլ մատուցվեց սուրբ պատարագ` ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի: Հիշատակի միջոցառումների շարքը շարունակվեց Ջարդի ձոր կոչվող վայրում: Հիշեցնենք, որ 1920թ. նոյեմբերին Ջարդի կամ Հերհերի ձորում իրականացվել են Ալեքսանդրապոլի գավառի խաղաղ բնակչության զանգվածային կոտորածներ: Այստեղ վաղ առավոտից մարդկանց հոսքը չէր դադարում: Կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ էին դնում ինչպես Շիրակի, այնպես էլ Լոռու մարզերի բնակիչները: Թեեւ քաղաքական ուժերն օրը համարեցին լռության օր եւ քարոզարշավային բնույթի տեսանյութեր չցուցադրվեցին հեռուստաընկերություններով, ամեն դեպքում հարկ է նշել, որ թեկնածուները ապրիլի 24-ն անգամ պատրաստ էին օգտագործել հանուն իրենց «վարկանիշի» բարձրացման: Անհասկանալի տրամաբանությամբ ամենուր կուսակցական դրոշներ ու պաստառներ էին: Թեկնածուներից յուրաքանչյուրը ջանացել էր կազմել առավել խոշոր պատվիրակություն, մեկը մյուսին հաջորդելով` Շիրակի մարզում առաջադրված թեկնածուները եղան Ջարդի ձորում` ՀՀԿ-ական Արման Սահակյանը (նա Ջարդի ձոր ժամանեց Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ), ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանն իր թիմակիցներով, ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը եւ այլն: Նրանց ուղեկցող օպերատորները մանրամասն ֆիքսեցին թեկնածուների` հուշարձանին ծաղկեպսակ դնելու գործընթացը, հետո հարցազրույցներ վերցրին: Թեկնածուները որոշ ժամանակ սպասեցին, որ մյուս լրագրողները, այսինքն նրանք, ովքեր իրենց չէին ուղեկցում, եւս մոտենան եւ հարցազրույց վերցնեն ապրիլի 24-ի կապակցությամբ: Այս տեսանյութերն արդեն ապրլի 25-ին կդառնան նախընտրական տեսահոլովակներ եւ կցուցադրվեն հեռուստաընկերություններով: Որոշ կուսակցություններ եւս տեղի ունեցածը կվերածեն նախընտրական PR-ի:
Ինչեւէ, Ջարդի ձոր եկավ նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս տարի առաջին անգամ չմասնակցեց հիշատակի միջոցառումներին:
Գյումրի