Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հակառակորդները երեկ՝ սեպտեմբերի 18-ին, անցկացված հանրաքվեում ստացել են ընտրողների ձայների մեծամասնությունը:
Դա պարզ է դարձել այն պահին, երբ հրապարակվել են Շոտլանդիայի արևելյան Ֆայֆ շրջանի քվերարկության արդյունքները:
Ինչպես տեղեկացրել է BBC հեռուստաալիքը, դեռևս չեն հայտարարվել երկու շրջանների արդյունքները, սակայն դրանք չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա: Հանրաքվեի արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն մոտակա ժամերին:
«Եթե շոտլանդացիները քվեարկեն Մեծ Բրիատանիայից անջատվելու օգտին, մենք ընդմիշտ կգնանք տարբեր ուղիներով: Անկախությունը ցավոտ ապահարզան կդառնա: Ուրբաթ օրը մարդիկ կարող են արթնանալ այլ երկրում, որին այլ ապագա է սպասում: Մենք պետք է շատ պարզ գիտակցենք, որ ետդարձի ճանապարհ չի լինի», – ասել է վարչապետ Դևիդ Քեմերոնը հանրաքվեի նախօրեի իր ելույթում:
Շոտլանդիայի առաջին նախարար և Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Ալեքս Սալմոնդն ընդունել է անկախության կողմնակիցների պարտությունը: «Անկախության օգտին քվեարկել են 1,6 մլն շոտլանդացի, սակայն պարզվել է, որ դա բավարար չէ: Ես գլուխս խոնարհում եմ ժողովրդի կամքի առջև և կոչ եմ անում բոլորին նույն կերպ վարվել»,- ասել է նա: Սալմոնդը հույս է հայտնել, որ Լոնդոնը կկատարի իր խոստումները՝ շոտլանդական իշխանությունների իրավասությունների ընդլայնման վերաբերյալ: