Դատապարտված երիտասարդի փախցրած աղջիկը պարբերաբար վատանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրաշեն գյուղի 24-ամյա բնակիչ Էդիկ Ազմանյանի հարազատները վճռական են տրամադրված. նրանք չեն հանձնվի, քանի դեռ իրենց որդին գտնվում է կալանավայրում:

Armlur.am-ի հետ զրույցում Էդիկի քույրը` Էլմիրան, հայտնեց, որ այն բանից հետո, երբ եղբորը տեղափոխեցին «Սևան» ՔԿՀ, նրա հետ կապ հաստատելը կամ տեսակցելն ավելի է դժվարացել:

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Էդիկ Ազմանյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման անչափահաս Ն. Ա.-ին ամուսնության նպատակով փախցնելու մեղադրանքով:

Ուշագրավ է այն, որ արդեն 18 տարեկան աղջիկը համաձայնել է լինել Էդիկի կինը, քանի որ չի ցանկացել ամուսնանալ ծնողների առաջարկած երիտասարդի հետ:

Նշենք, որ դատարանի վճիռը բողոքարկվել է մինչև Վճռաբեկ դատարան, սակայն որոշումն անփոփոխ է մնացել: Էլմիրա Ազմանյանի փոխանցմամբ` երկուշաբթի օրը իրենք պատրաստվում են նամակով դիմել ՀՀ նախագահին` խնդրելով նրան օժանդակել երիտասարդ զույգի միավորմանը:

«Բոլոր հնարավոր օղակներին դիմել ենք` դատախազությունից սկսած: Ոչ ոք չի կարողանում հասկանալ, որ նույնիսկ եթե անչափահասին է փախցրել Էդիկը, միևնույն է` նախ երեխան իր կամքով է գնացել, և երկրորդ` բռնություն չի կիրառվել և ամուսնության նպատակով է եղել: Խեղճ աղջիկն էլ չի կարողանում հանգիստ ապրել: Հաճախ վատանում է: Մեկ իրենց տանն է մնում, մեկ մեր տուն է գալիս: Մեր միակ հույսը նախագահն է: Պաշտպանը կօգնի նամակը կազմենք, որպեսզի ուղարկենք»,- ասաց դատապարտյալ եզդու քույրը:




Լրահոս