Մինաս Ավետիսյանի որմնանկարի ամրացման աշխատանքներն անավարտ են մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինաս Ավետիսյանի «Հովվերգություն» որմնանկարը, որը գտնվում է Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում, կիսատ-պռատ, քարուքանդ վիճակում է:

Դեռեւս Գյումրու նախորդ քաղաքապետ՝ Վարդան Ղուկասյանի օրոք «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի եւ քաղաքապետարանի հարաբերությունները լարվել էին, իսկ հիմա դրանք առավել քան սրված են: Խնդիրը որմնանկարի վերականգնման ֆինանսական ծախսերն են, որը շահարկվում է արդեն 2 տարի, եւ որի հետեւանքով որմնանկարի ամրացման աշխատանքներն անավարտ են մնացել:

Վերջին նիստի ժամանակ Գյումրու ավագանին որոշում կայացրեց 4,5 մլն դրամ տրամադրել «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին, որպեսզի մինչ հոկտեմբեր՝ Գյումրու տոնին ընդառաջ, որմնանկարը պատրաստ լինի: Սակայն գումարը հատկացվում է պայմանով, որ հիմնադրամը կատարվող աշխատանքների վերաբերյալ նախահաշիվ ներկայացնի: Նկարչի որդին՝ Արման Ավետիսյանը, ով նաեւ հիմնադրամի տնօրենն է, դեմ է նման մոտեցմանը: Ա. Ավետիսյանը պահանջում է 12 մլն դրամ՝ ներկայացնելով պայմանագիրը, որը կնքվել է քաղաքապետարանի հետ: Ապա մանրամասնում է, որ նախկին քաղաքապետը ծախսերի 20մլն-ը վերցրել էր իր վրա, իսկ մնացած 37 միլիոնն էլ Գյումրու քաղաքապետարանը պետք է վճարեր: Իսկ ահա քաղաքապետարանը վստահեցնում է, որ արդեն վճարել է 35 մլն-ը եւ պարտք է մոտ 1,5 մլն դրամ, որին էլ ավագանու որոշմամբ՝ կգումարվի եւս 3-ը եւ ընդհանուր՝ 4,5 մլն դրամ կհատկացվի հիմնադրամին:

Մինասի որդին այս թվերի հետ համաձայն չէ եւ չի վստահում քաղաքապետարանին: Քաղաքապետարանն էլ իր հերթին է անվստահություն հայտնում հիմնադրամի տնօրենի նկատմամբ՝ պահանջելով նախահաշիվ: Հատկանշական է, որ հուլիսի 30-ին կայացած ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, թե որմնանկարը կարելի է վերականգնել առանց մեծ ծախսերի էլ՝ ձեռքի տակ եղած հնարավորություններով, միայն թե որմնանկարի մասերը պետք է իրենց ձեռքի տակ լինեն: Մինչդեռ դրանք, ըստ քաղաքապետի, իր մոտ է պահում Ա.Ավետիսյանը։

Սակայն Ա. Ավետիսյանը պնդում է, որ դեռ անցած տարի մշակված տեսքով դրանք անձամբ հանձնել է քաղաքապետարան: Թե որքան կտեւի երկու կողմերի անհամաձայնությունը, դժվար է ասել: Այս պահին պարզ է մեկ բան. մինչ հոկտեմբեր Մինասի երկրպագուներն ու գյումրեցիները որմնանկարն ավարտուն չեն տեսնի:

Արեւիկ Հակոբյան




Լրահոս