Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն արդեն 1 տարի է` ապրում է Ֆրանսիայում: Նա նաեւ նշեց, որ ինքը հանձնել է իր անձնագիրն ու հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Մեր զրուցակցի խոսքով` եթե ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չունենա, ապա ինքը երբեք ՀՀ չի վերադառնա:
-Տիկին Ալլա, այժմ ակտիվացել են Ռոբերտ Քոչարյանի` իշխանության վերադառնալու մասին խոսակցությունները: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հավանականությանը:
-Ես չեմ հավատում, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա, ես չեմ հավատում, որ նրան կարող է ժողովուրդը ընտրել, ես չեմ կարծում, որ կգտնվի մի քաղաքական ուժ, որը կգնա ու կկանգնի Ռոբերտ Քոչարյանի կողքին: Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունները Սերժ Սարգսյանն է տարածում` մարդկանց վախեցնելու համար, փորձելով ահաբեկել, թե ինձնից վատ մարդ կարող է գալ: Ես այդպես եմ մտածում: Համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հետ չի գալու:
-Բայց Ռոբերտ Քոչարյանը չի բացառում իր վերադարձի հնարավորությունը:
-Ես գիտեմ, որ ինքը նման բան հայտարարել է, բայց իր մտածելը շատ քիչ է, մտածում է, որ ինքը նորմալ մարդ է, բայց ինքը արնախում է, մարդասպան է: Ինքը շատ մեծ կարծիքի է, բայց սխալ է մտածում: Քոչարյանն այժմ քաղաքականություն վերադառնալու փորձեր է անում, բայց ես կարծում եմ, որ դրանք ապարդյուն փորձեր են:
-Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես հայտարարի իր վերադարձի մասին, Դուք անձամբ վերադառնալո՞ւ եք ՀՀ, որպեսզի պայքարեք նրա իշխանության դեմ:
-Ոչ, որովհետեւ ինձ համար Սերժը Քոչարյանից ոչ մի բանով լավը չի, ինչի պետք է պայքարեմ Քոչարյանի դեմ, եթե Սերժն ինձ համար նույն Քոչարյանն է ու հակառակը: Ես կարողացա՞ Սերժի դեմ 5 տարի պայքարել, չկարողացա, չէ՞, հիմա եթե Քոչարյանը գա, էլի պետք է նույնը լինի: Իսկ եթե կամ Սերժ Սարգսյանը պետք է լինի, կամ Ռոբերտ Քոչարյանը, եթե մենք Հայաստանում այլ թեկնածու չունենք, այդ երկու արնախումները պետք է լինեն, ապա ինձ համար նրանցից որ մեկն էլ լինի` միեւնույն է: 6 տարի Սերժ Սարգսյանը մեզ մատերի վրա խաղացրել է:
-ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ Մարտի 1-ին սպանվածների գործը…
-Այնքան անամոթ են, ցինիկ են, լկտի են, որ Աղվան Հովսեփյանը վեր է կենում ու հայտարարում է, թե սպանությունները բացահայտված են… բայց 10 սպանությունից 1-ը չի բացահայտվել: Մեզ դատարաններում այն աստիճանի հասցրեցին, որ մենք դիմեցինք Եվրադատարան, այն աստիճանի հասցրեցին, որ ես երկիրը լքել եմ, աշխատանքից զրկվել եմ, անընդհատ հետապնդվել ու հալածվել եմ: Չնայած դրան ես ապրում եմ Հայաստանով, Սբխեչի օրն էր ու ես այդպես էլ չկարողացա իմ որդու գերեզմանին գնամ, ինձ համար այնքան ծանր օր է, շատ վատ վիճակում եմ գտնվում, երբ որ իմ էրեխու գերեզմանը այդտեղ է, իսկ ես ուրիշ երկրում: Ես շատ- շատ եմ ցանկանում վերադառնալ, բայց ինչպե՞ս:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ