Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» փորձնական ծրագրի շրջանակում Ավանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել են էներգախնայողությանբարձրացման միջոցառումներ:
Շենքի հանդիսավոր բացմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ քաղաքաշինության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների տեղակալները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ինչպես նաև շենքի բնակիչներ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ՝ Արմեն Հարությունյանն ընդգծել է դրա արդիականությունն ու կարևորությունը և հույս հայտնել, որ ծրագիրը շարունակական կլինի: Նա նաև տեղեկացրել է, որ շենքն առավել հարմարավետ դարձնելու նպատակով վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կազմակերպվել են ներքին հարդարման աշխատանքներ, որոնք ևս նպաստել են ծրագրի արդյունավետության բարձրացմանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին և աջակից բոլոր կառույցներին ծրագրի հաջողված ընթացքի և արդյունավետ համագործակցության համար:
Շենքի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով դրա բարձր սեյսմակայունությունը, այստեղ գործող կենտրոնացված ջեռուցման համակարգը, ինչն իր հերթին թույլ է տվել առավել հիմնավոր պատկերացում ունենալ, թե որքանով արդյունավետ կարող է լինել տվյալ մոտեցումը:
Աշխատանքները ներառել են շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում, շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճան հարթակներում դռների և պատուհանների փոխարինում և տանիքի ջրամեկուսացում։ Շենքի բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել ծրագրի հաջող իրագործման և ստեղծված հարմարավետ պայմանների համար, ինչպես նաև ընդգծել են ծրագրի արդյունավետությունը:
ՄԱԶԾ դիտարկմամբ՝ Էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներից հետո շենքում ապահովվել է շուրջ 60% էներգախնայողություն։