Արամ Ա կաթողիկոսը պահանջում է Սիսի նստավայրն ու կալվածքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այս տարի դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: Այս մասին Հայրենիք-Սփյուռք հինգերորդ համաժողովի ժամանակ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն: 

Նա նշել է, որ Սահմանադրական դատարանից պահանջելու են  վերադարձնել իրենց կալվածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում՝ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Այս հանդուգն քայլին դիմում ենք ոչ զգայական կամ քարոզչական նկատառումներով: Անցնող երկու տարիներին մեր մասնակցությամբ խորհրդակցություններ տեղի ունեցան միջազգային օրենքների ու դատական հարցերով օտարերկրացի մասնագետների հետ: Եվ ավելին, սովորական եկեղեցապատկան ունեցվածք պահանջելու մոտեցումով չէ, որ հանձն ենք առնում այս կարևոր քայլը: Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսի մեջ, խորհրդանշական մեծ իմաստ ունի Կիլիկիայի ու ողջ հայության համար: Գիտենք նաև, որ հիշյալ դատը անխուսափելիորեն «դուռ է բացելու» մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու սեփական կալվածքների վերադարձի թղթապանակին: Այն դեպքում, եթե մեր դատը մերժվի Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից, ինչը հնարավոր է, այն կներկայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-ընդգծել է կաթողիկոսը: 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման հարցին:

«Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը նույնպես շատ կարևոր է մեզ համար: Մենք պետք է ամեն ինչ անենք Ղարաբաղում անվտանգության պահպանման և հարատև խաղաղության հաստատման համար: Ղարաբաղի անվտանգությունը նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է»,- ասել է կաթողիկոսը:




Լրահոս