«Ավարտական փուլում է ՀՀ առողջապահական համակարգի ազգային ռազմավարության մշակումը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը սեպտեմբերի 15-18-ին Կոպենհագենի մայրաքաղաք Դանիայում մասնակցել է ԱՀԿ եվրոպական
տարածաշրջանային 64-րդ կոմիտեին։ Նիստերին քննարկվել են
տարածաշրջանային առողջապահական խնդիրներ և ծրագրեր: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Արմեն Մուրադյանն իր ելույթում նշել է, որ կյանքի են կոչվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն
2020» համապարփակ քաղաքականության ռազմավարական գաղափարներն ու դրույթները:

«Այսօր ավարտական փուլում է Հայաստանի առողջապահական համակարգի ազգային ռազմավարության մշակումը: Փաստաթղթի ստեղծման համար հարթակ է հանդիսացել հենց «Առողջություն -2020» ռազմավարական ծրագիրը: Առաջիկա տարիներին այն հիմնարար ուղեցույց կլինի հետագա մեր ծրագրերի իրականացման համար»,- ասել է Արմեն Մուրադյանը:

Նախարարը շեշտել է, որ առողջապահական համակարգը զարգացնելու նպատակով Հայաստանը մշտապես ձգտում է ընդլայնել ակտիվ և արդյունավետ համագործակցությունը գործընկերների, ինչպես նաև բժշկական մասնագիտական միավորումների, մասնավոր հատվածի հետ, ինչը կնպաստի նաև հանրային
առողջապահության զարգացմանը:

Կոմիտեի շրջանակում ԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն առաջիկայում կձևավորվեն աշխատանքային խմբեր և համատեղ կիրականացվի հանրային առողջապահական ծառայություննների և համակարգի գնահատում: Նստաշրջանի 4 օրվա ընթացքում հաշվետվություններ են ներկայացվել նաև ԱՀԿ-ի բարեփոխումների, վարակիչ և ոչ վարակիչ
հիվանդությունների, առողջության առաջնային պահպանման, երեխաների առողջության և սնուցման, պատվաստանյութերով ապահովման և այլ
խնդիրների վերաբերյալ:




Լրահոս