Արդեն երկրորդ անգամ է, ինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ նկատողություն է անում ու կշտամբում ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարարին: Իսկ որտե՞ղ է նախարար Գագիկ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 21-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ նկատողություն արեց ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ աշխատանքները պլանավորված ժամկետում չավարտելու համար: Երեկ եւս, երբ փոխնախարարը զեկուցում էր մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, եւ հասավ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, վարչապետը հարցրեց՝ ինչո՞ւ է պետտուրք ներառվում: Փոխնախարար Առաքելյանը շտապեց պատասխանել՝ անձնական վերաբերմունքով՝ նախադասությունը սկսելով «Իմ կարծիքով…»: Այստեղ Հովիկ Աբրահամյանը բարկացավ, թե «քո կարծիքը ոչ մեկ չի հարցնում»:
Այսպիսով՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունն արդեն երկրորդ անգամ զայրացնում է ՀՀ վարչապետին, սակայն զարմանալի զուգադիպությամբ երկու անգամ էլ նախարար Գագիկ Բեգլարյանը չի մասնակցում այդ նիստին: Թեեւ երեկ տրանսպորտի նախարարը Հայաստանում չէր, բայց այս իրավիճակից երկու հետեւություն կարելի է անել. կամ նախարարը նախապես գիտի, որ վարչապետը բարկանալու է, դրա համար էլ իր ենթակային է ուղարկում՝ խայտառակվելու, կամ էլ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է նրան զգուշացնում՝ նիստի չգալ: Ինչպես հայտնի է, Աբրահամյանն ու Բեգլարյանը շատ մտերիմ հարաբերություններ ունեն իրար հետ եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է վարչապետը քննադատեր նախարար Բեգլարյանին:
Սակայն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի «պորտը» Աբրահամյանը «տեղը դրեց»: Երբ քննարկվում էր «Չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքարշ տրանսպորտային միջոցին օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով մեկանգամյա փոխադրման իրականացման հատուկ թույլտվություն տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով» տույժ կիրառելու հարցը, նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղից ինչ-որ բան էր ուզում հասկացնել, սակայն դա դուր չեկավ վարչապետին: Նա կշտամբեց Ճշմարիտյանին, թե «քո փոխարեն ես եմ խոսում»:
Թե ինչու էր «աղան բարկացել», այդպես էլ երեկ հասկանալի չդարձավ:
Ինչեւէ, դառնանք կառավարության նիստի բովանդակային մասին՝ նկատելով, որ երեկ գործադիրը «ժեստ արեց» ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ որի՝ առաջարկվում է «Սահմանապահ համայնքների մասին» օրենքում լրացումներ կատարել: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանամերձ համայնքներին հարկային եւ այլ արտոնություններ տալ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նման նախաձեռնություն իրենք արդեն արել են, եւ եթե Փաշինյանը կամ այլ անձինք ցանկություն ունեն, կարող են միանալ կառավարության նախաձեռնությանն ու առաջարկություններ անել: Բայց ամեն դեպքում ՀՀ կառավարությունն ընդունելի համարեց Փաշինյանի ներկայացրած նախագիծը սեփական առաջարկությունների ընդունման դեպքում:
Գործադիրն առաջարկում է «սահմանապահ» բառը փոխարինել սահմանամերձով, ապա ճիշտ է համարում օրենքի նախագծի 3-րդ հոդվածի փոխարեն (սահմանապահ համայնքի բնակիչներին համայնքի տարածքում ունեցած հողի հարկից եւ անշարժ գույքի գույքահարկից ազատելը) կիրառել արդեն 2 տարի գործող՝ «Մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից գնդակոծման դեպքեր ունեցող ՀՀ սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու մասին» ծրագրում ամրագրված մոտեցումները:
Համաձայն այս ծրագրի՝ հարկերի գումարները պետք է փոխհատուցվեն պետության կողմից: Կառավարությունն առաջարկում է նաեւ լրացնել օրենքի նախագծի 4-րդ հոդվածը, որը նախատեսում է պետական բյուջեից ստացվող օգնությունն օգտագործել բացառապես համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու համար:
Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով օթեւանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում պետք է ապահովի համարժեք օթեւանով՝ նույն համայնքի տարածքում:
Կառավարության երեկվա նիստին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնեց, որ անձրեւների նվազման հետեւանքով Ախուրյան, Հրազդան, Սեւ ջուր, Քասախ գետերում նվազել են ելքերի հոսքերը եւ հասել 40-50%-ի:
Ըստ նախարարի՝ ջրի անբավարարության պատճառով մեծացել է Արարատյան դաշտում ջրօգտագործողների շահերի բախումը: Դրանից ելնելով կառավարությունը որոշում կայացրեց՝ ջրօգտագործման ծավալների, ռեժիմների կրճատում անել:
ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը կարծիք հայտնեց, որ իրենց հետ պետք է մի քանի օր աշխատել:
Ի պատասխան՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դարձյալ վրդովվեց. «Դե, ախր, գիտեք ինչ, հարկավոր է այդ հարցերը բարձրացնել, մեկ օր աշխատենք, երկու օր աշխատենք, հա, էլի աշխատենք, խնդիրն ինչումն է: Բայց պետք է խորհրդակցություն անել այս հարցի հետ կապված, ու կառավարության բոլոր շահագրգիռ անձինք պետք է մասնակցեն»:
Ալբերտ Խուրշուդյան