«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2014թ. փետրվարի 27-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) եղբորորդին՝ Մովսես Մանուկյանը, հայտնվել է դատարանի առաջ: Պարզվում է՝ պատգամավորի եղբորորդին հայհոյել եւ ծեծի է ենթարկել մի ոստիկանի եւ նրա կնոջը:
2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ին, ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանն, իր ընկերներ Սեյրան Վանեսյանի, Գարիկ Գինոսյանի հետ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ, իր վարած ԲՄՎ մակնիշի 05 ՍՕ 555 համարանիշի ավտոմեքենայով վիճաբանել էր Համազասպ Լալայանի հետ եւ հարվածներ հասցրել Համազասպի կնոջ՝ Մարինե Ասատրյանի դեմքին:
Ինչո՞ւ է պատգամավորի եղբորորդին իր ընկերների հետ ծեծի ենթարկել Համազասպ Լալայանին եւ նրա կնոջը, ավելին՝ ո՞վ է Համազասպ Լալայանը:
Պարզվում է՝ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորորդին, ով «Արծվի» ՍՊԸ-ի տնօրենն է, ծեծի է ենթարկել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ավագ ոստիկանի:
Ինչի՞ց է սկսվել կռիվը
Ըստ ծեծի ենթարկված Համազասպ Լալայանի ցուցումնքի՝ 2013թ. օոստոսի 23-ին ինքը կնոջ՝ Մարինե Ասատրյանի հետ հրավիրված են եղել կնոջ ընկերուհու հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Իգդիր» ռեստորանային համալիրում:
«Ռեստորանային համալիրից դուրս են եկել ժամը 23:30-ի սահմաններում: Հասնելով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոց, խաչմերուկը չանցած, ձախ կողմից իր ավտոմեքենային վազանց կատարող սպիտակ գույնի մի ավտոմեքենա ձայնային ազդանշան է տվել: Նա կարծել է, որ իրեն ծանոթ է, ինքն էլ այդ ավտոմեքենային է ազդանշան տվել:
Նշված ավտոմեքենայի վարորդը ընթացքի ժամանակ հավասարվելով իրեն, իջեցրել է պատուհանը՝ ասելով՝ աջ հատվածում կայանի` հարցնելով, թե ինչու է ձայնային ազդանշան տալիս: Ավտոմեքենայի միջից իջել է Սեյրան Վանեսյանը եւ առանց իր հետ որեւէ բառ փոխանակելու կամ պարզաբանում պահանջելու, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով իր հասցեին, երկու անգամ աջ ձեռքի երկաթյա կաստետով ուժեղ հարվածել է իր գլխի ձախ ականջի վերեւի հատվածին»,-նշել է ավագ ոստիկանը իր ցուցմունքում:
Ըստ ոստիկան Լալայանի՝ ինքն գրկել է Սեյրան Վանեսյանին` հարցրել է, թե ինչո՞ւ է հարվածում՝ միաժամանակ նշելով, որ ոստիկանության աշխատող է, որպեսզի վարորդը սթափվի: Սակայն վերջինս ասել է, որ ինքն էլ սարալանջցի Սեյրանն է: Երբ ոստիկանն ու իր կինը ցանկացել են նստել ավտոմեքենան եւ հեռանալ, այդ պահին հայտնվել է սեւ գույնի ԲՄՎ մակնիշի մի ավտոմեքենա, որից իջել են երկու տղաներ՝ պատգամավորի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանը եւ Գարիկ Գինոսյանը:
Մովսես Մանուկյանը հայհոյանքներ հնչեցնելով, հարվածներ է հասցրել ոստիկանի դեմքին, որին միջամտել է նրա կինը. «Մովսեսը ձեռքի մետաղյա կաստետով հարվածել է կնոջ ծնոտի եւ կրծքավանդակի շրջանին: Երբ նստել է ավտոմեքենայի մեջ եւ փորձել է վարել այն, Մովսես Մանուկյանը հարվածներ է հասցրել իր ավտոմեքենայի տարբեր հատվածներին` վնասելով այն: Դրանից հետո ինքը, մի կերպ նստելով ավտոմեքենան, կնոջ հետ հեռացել են այնտեղից»:
Բնականաբար, ոստիկանի բողոքի հիման վրա հարուցվել է քրգործ եւ քննության ողջ ընթացքում պատգամավորի եղբորորդին՝ Մովսեսը, իրեն կատարվածում մեղավոր չի ճանաչել: Վերջինս դատարանում ասել է, թե նշված օրը, ինքն իր ընկերոջ մեքենան նշված վայրում տեսել է տուժողների հետ կանգնած: Երբ հարցրել է, թե ինչ խնդիր կա, Սեյրան Վանեսյանը պատասխանել է, թե ամեն ինչ նորմալ է, ազդանշան տալու համար ենք կանգնել: Ուստի ինքը ու Գարիկը ավտոմեքենայից չեն իջել, նրանց չեն հարվածել եւ չեն հայհոյել:
Չնայած այս պատկերին, ավելի քան 6 ամիս տեւած քննությունից հետո Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը սեպտեմբերի 5-ին հրապարակեց վճիռը:
Ըստ որի՝ Սեյրան Վանեսյանը կատարած արարքի համար որպես պատիժ տուգանվեց 500.000 դրամի չափով, ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանը, 400.000 դրամի չափով, իսկ նրա ընկեր Գարիկ Գինոսյանը՝ 400.000 դրամի չափով:
Այս դեպքն ուշագրավ է այնքանով, որ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու, նրան անզգույշ քաշքշելու համար, օրինակ, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման եւ շուրջ երկու տարի անցկացրեց ճաղերի հետեւում: Իսկ այս դեպքում ոստիկանին ու իր կնոջը ծեծողները «տուգանքով պրծան»:
Քնար Մանուկյան