Թուրքիան Հայաստանի հետ խոսում է վերջնագրերի լեզվով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակելով ներկայացնել Startfor-ի՝ «Վիկիլիքս»-ի կողմից հանրայնացված վերլուծականները, այսօր անդրադառնանք հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ-ի դերակատարությանը: Հեղինակը, ով քննարկում է տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունը, չի շրջանցում նաեւ Հայաստանի ներքաղաքական դրությունը:

Վերլուծությունը ներկայացնում է Սերժ Սարգսյանի վերաբերմունքը, նրա ունեցած հնարավորություններն ու գործողությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Հեղինակը եզարահանգում է, որ տարածաշրջանին հուզող ցանկացած հարցում պաշտոնական Մոսկվան տեսնում է բացառապես սեփական շահը եւ պատրաստ է վիժեցնել յուրաքանչյուր գործընթաց, որը չի բխի իր շահերից: Startfor-ի վերլուծականի հեղինակը նախ եւ առաջ տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել են Մոսկվայում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո:

Վերլուծաբանը շտապում է հավելել, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու մասին արձանագրությունները դեռ պետք է սպասեն երկու երկրների խորհրդարանների հաստամանը: Գնահատելով արձանագրությունների իրական նշանակությունը, Startfor-ը պնդում է, որ դրանք բացառապես խորհրդանշական բնույթ ունեն:

Անդրադառնալով արձանագրությունների ստորագրումից առաջ ԼՂ հարցով բանակցություններին՝ Startfor-ը նկատում է, որ դրանք են իրականում կանխորոշել հայ-թուրքական արձանագրությունների խորհրդանշականությունը, քանզի է՛լ ավելի են մեծացրել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում առկա խոչընդոտները: Ըստ վերլուծական կենտրոնի աղբյուրների՝ Թուրքիան խիստ դժգոհ է, որ բանակցությունները տապալվել են եւ ոչ մի իրական առաջընթաց տեղի չի ունեցել: Իրավիճակի վրա իր բացասական ազդեցությունն է ունեցել նաեւ Ադրբեջանը, որը սպառնացել է ամեն կերպ խաթարել հայ-թուրքական հարաբերությունները, եթե Թուրքիան Հայաստանին ընդառաջ գնա ԼՂ հիմնախնդիրը օդում կախված պահելով:

Startfor-ի վերլուծականը բացահայտում է, որ Թուրքիան Հայաստանի հետ խոսել է վերջնագրերի լեզվով՝ հայտարարելով, թե երկու երկրների միջեւ սահմանները չեն բացվելու մինչեւ այն պահը, երբ կլուծվի ԼՂ հակամարտությունը: Հատկանշական է, որ Startfor-ի պնդմամբ՝ թուրքերը պարզ ասել են, որ արձանագրությունների՝ լինել-չլինելը իրերի դրությունը ոչնչով չի փոխում: Հեղինակը արձանագրում է, որ թուրքերի նման կեցվածքն է՛լ ավելի է ընդգծում հայ-թուրքական արձանագրությունների դատարկ ու հեշտ շրջելի լինելը: Հավելենք, որ ցայսօր հենց այդ «դատարկ» արձանագրություններն են Հայաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հիմնական առանցքը եւ անգամ դրանց վավերացման ակնկալիքով ՀՀ նախագահի մակարդակով Ծիծեռնակաբերդ այցելելու հրավեր է ուղարկվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

Ներկայացնելով ներհայաստանյան իրավիճակը՝ Startfor-ը արձանագրում է, որ հայ հասարակությունը պարուրված է հակակրանքով ու հակասություններով: Հեղինակի համոզմամբ՝ Ցեղասպանության հիմնախնդիրը շարունակում է ամուր նստած մնալ հայության հավաքական մտածողության մեջ: Ըստ վերլուծաբանի՝ Սերժ Սարգսյանը չի նկատում, որ անգամ իր կուսակցությունն է ոչ միանշանակ տրամադրված տեղի ունեցող գործընթացի հանդեպ:

Հեղինակը հավելում է, որ թեպետ Սարգսյանը խոստացել էր պատասխան այցով Թուրքիա մեկնել բաց սահմաններով, այդուհանդերձ, չի պահի իր խոստումը եւ, ամեն դեպքում, կմեկնի Թուրքիա: Ցավով պետք է արձանագրել, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում պարզ դարձավ, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող գործիչը պատրաստ է հեշտորեն մոռանալ սեփական խոսքերը` այդպիսով ի ցույց դնելով դրանց իրական արժեքը: Գլխավոր դիտորդի կարգավիճակ շնորհելով Ռուսաստանին՝ վերլուծականը պնդում է, որ Մոսկվան խորապես ներքաշված է տարածաշրջանային գործընթացներում:

Startfor-ը եզրակացնում է, որ Ռուսաստանն ինքն էլ շատ լավ գիտի իր հնարավորությունները եւ կարող է ցանկացած պահի կայացնել կամ էլ տապալել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր համաձայնությունը: Հեղինակը վստահ է, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանը միակն է, որը գտնվում է Ռուսաստանից մեծագույն կախվածոթյան մեջ: Ինչն էլ հիմք է տալիս պնդելու, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում ցանկացած առաջընթաց հնարավոր է, եթե այն բխի պաշտոնական Մոսկվայի շահերից: Ավարտելով վերլուծականը՝ հեղինակը հավելում է, որ մինչ Մոսկվան կորոշի իր անելիքն ու շահը, երկու գործընթացներն էլ կշարունակեն մնալ առկախված վիճակում:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս