Պատգամավորին վախեցնում են տուգանքներո՞վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանի գլխին կուտակված «սեւ ամպերը» չեն ցրվում: Պատգամավորին պատկանող «Կիլիկիա» գարեջուր արտադրող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ն հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. օգոստոսի 19-ին «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի անունով արտահանում մաքսային ռեժիմով հայտարարագրվել է 50800 շիշ գարեջուր, որի մասին հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացվել մաքսային մարմին: Արդյունքում՝ ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Բաղդասարյանը տուգանվել է 100.000 դրամի չափով: Ի դեպ, գործարանը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին ու ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Բաղդասարյանին։
Նկատենք, որ օրեր առաջ գործարանի սեփականատերերը դիմել էին դատարան՝ վիճարկելով Ֆինանսների նախարարության հարկային ծառայության կողմից գրված 1,5 մլն դրամի ակտը: Պատճառը եղել էր այն, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում տեղի ունեցած 12 հարկային ստուգումների արդյունքում բացահայտվել էին բյուջեի հանդեպ 731 միլիոն դրամի պարտավորություններ, որտեղ առյուծի բաժինն ընկել էր «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ին:
Այս իրողությունները հետաքրքիր էին այն առումով, որ «Կիլիկիա»-ի նկատմամբ ճնշումները սկսվել էին նախկին վարչապետի օրոք, բայց պարզվում է՝ հիմա էլ նրանց գործերն առանձնապես լավ չեն:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրություն ուներ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի նկատմամբ: Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում «Կիլիկիա»-ին տիրանալու փորձեր էր արել, բայց դա նրան չէր հաջողվել: Մասնավորապես 2013թ. «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել էր «Կիլիկիա» գարեջրի գործարան՝ ծանոթանալու աշխատանքին ու այնտեղ առկա խնդիրներին: Արդյունքում, գործարանի սեփականատերերից Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու Աշոտ Բաղդասարյանը ներկայացրել են գործարանում առկա բազում խնդիրները: Նախկին վարչապետն այսպիսի հարց էր տվել. «Եթե չլուծվեն դրանք, կվաճառե՞ք, կհեռանա՞ք»։ Պատասխանը գրեթե դրական էր եղել:
Սարգսյանը հետաքրքրվել է, թե սեփականատերերն ինչքան կգնահատեն գործարանի կապիտալը՝ կիսակատակ առաջարկելով կես գնով վաճառելու դեպքում խոստանալ, որ առաջինն իրեն կտեղեկացնեն: Չնայած պատգամավորը հաստատել էր վարչապետի այցը գործարարն, սակայն հերքել էր վաճառքի մասին խոսակցությհունը, սակայն դատելով ստեղծված իրավիճակից ՀՀ ֆինանսներին նախարարությունը տուգանքների միջոցով է փորձում անհանգստություն պատճառել սեփականատերերին, որ նրանք էլ մյուս գործարարների նման կամ փակեն գործարանի դռները կամ վաճառեն այն: Ասել է թե՝ Տիգրան Սարգսյանի վաղեմի երազանքն այդքան էլ սարերի հետեւում չէ:
Քնար Մանուկյան




Լրահոս