Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին սաստկացած զինված բախումների կապակցությամբ, որոնք լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար և անտեսում են մարդասիրական իրավունքի նորմերը:
Տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Վերջին ամիսների լարված իրավիճակում տեղի են ունեցել Մարդու իրավունքների և Միջազգային մարդասիրական իրավունքի՝ Ժնևյան համաձայնագրերում և դրանց Լրացուցիչ արձանագրություններում ամրագրված նորմերի կոպիտ խախտումներ, որոնք համապատասխանում են Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ նախատեսված պատերազմական հանցագործություններին:
Այդ խախտումների գագաթնակետը եղավ 2014թ. օգոստոսի 7-ին չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմի տիրապետության տակ հայտնված ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի նկատմամբ ադրբեջանցի զինվորականների դրսևորած անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող դաժան վարվելակերպը: Գերեվարվելուց հետո մեկ օրվա ընթացքում, կասկածելի հանգամանքներում Պետրոսյանը մահացել է: ժնևյան 4-րդ համաձայնագրի 35-րդ և 36-րդ հոդվածների համաձայն՝ Կարեն Պետրոսյանը, որպես քաղաքացիական անձ, իրավունք ուներ անարգելք հայրենադարձվել Հայաստան: Սակայն ադրբեջանական կողմը նրան հայտարարել էր դիվերսանտ, թեև միջազգային իրավունքով անգամ դիվերսանտները մարդասիրական վերաբերմունքի և արդարացի դատավարության իրավունք ունեն: Պետրոսյանի դին ցայսօր չի հանձնվել նրա ընտանիքին:
Նկարագրված միջադեպը դիտարկելով որպես հայ-ադրբեջանական հակամարտության հերթական ողբերգական դրսևորում և գիտակցելով հետագա պատերազմական գործողությունների սպառնալիքը, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը՝
Կոչ է անում կողմերին՝
• Բանակցությունների միջոցով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը՝ հիմք ընդունելով կառուցողական համագործակցության, հանդուրժողականության, փախվստահության և փոխըմբռնման եվրոպական սկզբունքները: Որպես խաղաղարար գործընթացի կարևորագույն փուլ՝ քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը և պայմանները։
• Մինչև այդ՝ իրենց հրամանատարության ներքո գործող զինված ուժերին խստորեն արգելել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների, բնակելի տների գնդակոծումները, շփման գծից երկուստեք հետ քաշել դիպուկահարներին, ինչպես նաև դադարեցնել սահմանամերձ գոտիներում գյուղատնտեսությամբ զբաղվող խաղաղ բնակչության նկատմամբ բոլոր ոտնձգությունները:
Հորդորում է՝
• Ձեռնարկել քայլեր, որոնցով հնարավորություն կստեղծվի դիմել Փաստերի հաստատման միջազգային հանձնաժողովին՝ անաչառ կերպով պարզելու պատերազմական հանցագործությունների փաստերը և բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչել՝ ըստ միջազգային քրեական օրենսդրության։
• Որպես փոխվստահության հասնելու կարևոր միջոցի՝ նպաստել քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների երկխոսությանը: Դադարեցնել այն անձանց և կազմակերպությունների հետապնդումերը, որոնք պատրաստակամ են՝ համագործակցել և հիմքերը գտնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար:
• Ադրբեջանի Հանրապետությանը՝ ստորագրել և վավերացնել Ժնևյան համաձայնագրերի Լրացուցիչ 1-ին և 2-րդ արձանագրությունները, ինչպես նաև Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը:
• Հայաստանի Հանրապետությանը՝ վավերացնել Հռոմի միջազգային քրեական դատարանի՝ 1999թ. հոկտեմբերի 10-ին ստորագրած կանոնադրությունը»: