«Վիկիլիքս»-ի կողմից հանրայնացված GIF փաստաթղթերից հերթականը անդրադառնում է ԼՂ շուրջ ընթացող 2009թ. հոկտեմբերյան բուռն բանակցությունների տապալմանը: Քննելով առաջին գործոնը, որը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Startfor-ը ներկայացնում է ձախողման երկրորդ հավանական պատճառը: Վերջինս վերաբերում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ ընթացող պայքարին, երկու տերությունների տարածաշրջանային շահերին ու հետաքրքրություններին: Հեղինակը եզրակացնում է, որ երկու երկրներն էլ ձգտում են ավելացնել ազդեցությունը տարածաշրջանի վրա ու դա օգտագործել միմյանց դեմ մղվող պայքարում:
Այսպես. Startfor-ի վերլուծությունն արձանագրում է, որ 2009թ. հոկտեմբերի 9-ին Մոլդովայում ընթացող հայ-ադրբեջանական ակտիվ բանակցությունները տապալվել են: Հեղինակը փաստում է, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ վիճելի տարածք համարվող ԼՂ բանակցությունները շարունակվում են տասնամյակներով, սակայն մշտապես տապալվում են»: Հատկանշական է, որ վերլուծականը ԼՂ-ի խնդիրը համարում է ոչ թե ժողովրդի ինքնորոշման հարց, այլ սոսկ վիճելի տարածք: Հարկավ, ԼՂ-ը բանակցային ֆորմատից հեռացնելը եւ Հայաստանի կողմից՝ առանց ԼՂ մասնակցության Ադրբեջանի հետ փաստաթղթեր ստորագրելու ՀՀ իշխանությունների հիմնած «ավանդույթը» չէին կարող այլ կարծիք ստեղծել օտարների շրջանում: Արդ, որքան էլ ներկա իշխանությունները, Քոչարյանն ու վերջինիս ձոնված ֆիլմերը շաղակրատեն, թե ազգերի ինքնորոշման սկզբունքը գերակա է բանակցային գործընթացում, իրականությունը դրանից չի փոխվում: Ավելին՝ ՆԱՏՕ-ի վերջին բանաձեւը եւս շեշտադրում կատարեց տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ինչը հերթական անգամ ապացուցեց, որ միջազգային հանրությունը ԼՂ հակամարտության անվան տակ հասկանում է սոսկ տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:
Startfor-ը արձանագրում է, որ ձախողման երկրորդ կարեւորագույն հանգամանքը տարածաշրջանում գերտերությունների հետաքրքրություններն են: Ըստ այդմ՝ ԼՂ-ի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները տեղի են ունենում ԱՄՆ-ՌԴ ընթացող առճակատման պայմաններում: Startfor-ի համոզմամբ՝ Ռուսաստանը ամբողջապես ներքաշված է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում ընթացող գործընթացների մեջ: Հեղինակը չի խորշում հավելելուց, որ Ռուսաստանը ոչ միայն, պարզապես, ներկա է այդ բանակցություններում, այլեւ դրանց գլխավոր ուղղորդողն է: Եվ ահա, տարածաշրջանում տիրող նշյալ քաղաքական դրության պայմաններում՝ ԱՄՆ-ն եւս ակտիվություն է ցուցաբերում: Հեղինակը տեղեկացնում է, որ Վաշինգտոնի ամբողջ գործունեությունը սեւեռված է այն բանի վրա, որ կանխի Ռուսաստանի ազդեցության մեծացումը Անկարայի, Երեւանի ու Բաքվի վրա: Դրա համար ԱՄՆ-ն, ըստ էության, փորձում էր թույլ չտալ, որ Ռուսաստանի եւ վերոնշյալ երկրների միջեւ պայմանավորվածությունները կայանան ու հաջողեն:
Ելնելով վերլուծության տրամաբանությունից՝ կարող ենք փաստել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչ մի իրական դերակատարություն ու լծակ չի ունեցել: Հաշվի առնելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի հայտարարությունն արել է Մոսկվայից, քիչ հավանական է, որ Կրեմլը դրան համաձայնություն տված չլիներ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ըստ էության, փոխարինվել էին Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններով, ապա եւ՝ վերաձեւվվել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունն այդպես էլ իրական ազդեցություն չունեցավ կարգավորման պրոցեսը հաջող ավարտին հասցնելու գործում:
Ավարտելով հայ-թուրքական հարաբերությունների ու գերտերությունների մրցավազքի գործոնների քննությունը՝ Startfor-ը բարձրացնում է այն երկու կարեւորագույն հիմնահարցերը, որոնք պետք է հստակ պատասխան ստանան՝ գործընթացները ճիշտ հասկանալու համար: Առաջին խնդիրն այն է, որ պետք է պարզվի, թե, ի վերջո, որ կողմն է պատասխանատու բանակցությունների տապալման համար՝ Լեռնային Ղարաբաղը, Երեւանը, Բաքուն, Անկարան, թե՞, այնուամենայնիվ, Մոսկվան: Startfor-ին հետաքրքրում է նաեւ այն հարցը, թե ինչպե՞ս է վարվելու Թուրքիան նման գերզգայուն իրավիճակում. արդյո՞ք վերջինս պահպանելու է իր համերաշխ քաղաքականությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում ու չի գնալու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործնական ուղիով: Հեղինակը նկատում է, որ հենց այս հարցերին տրվող պատասխանները կարող են հուշել, թե ինչպես են Կովկասյան տարածաշրջանի երկրները տեսնում իրենց ԱՄՆ-ՌԴ պայքարի պայմաններում եւ ինչպես կարող են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն օգտագործել այս երկրներին միմյանց դեմ: Հատկանշական է, որ փաստաթուղթն ավարտվում է «հրապարակման ենթակա չէ» հատուկ հիշեցմամբ եւ ակնակալում շուտափույթ պատասխաններ ստանալ իր հարցերին, ինչին էլ կանդրադառնանք հաջորդ անգամ:
Ամփոփելով՝ հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի իշխանությունների պնդումները, թե հայ-թուրքական գործընթացն ու ԼՂ հակամարտությունը չեն կարող փոխկապակցվել, իրականում դատարկ դուրս եկան: Ըստ էության, այս երկու հարցերում հետաքրքրություն դրսեւորող յուրաքանչյուր երկիր դրանք դիտարկում էր եւ, ըստ էության, շարունակում է դիտարկել որպես մեկ ամբողջական փաթեթ: Իրավիճակի դրամատիզմն այն է, որ, փաստորեն, մեր ազգային ու պետական շահերը զոհաբերվեցին օտարների հետաքրքրությունների համար առաջին հերթին մեր «ազգային» իշխանության ջանքերով ու աջակցությամբ: Այլ խոսքով ասած՝ հատկապես հայ-թուրքական գործընթացը ոչ սկսվեց Հայաստանում, ոչ էլ ավարտվեց Հայաստանում: Վերջինս պարզապես օգտագործվեց գերտերությունների խաղերի մեջ՝ վերածվելով հաջող ծառայության մե՛րթ Ռուսաստանի, մե՛րթ ԱՄՆ-ի համար:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ