Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու, “168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը մեկնաբանել է շրջանառվող այն տեղեկությունները, թե Սաթիկ Սեյրանյանը նշված ընտրատարածքում ԲՀԿ-ի թեկնածուն է: “Ես անկուսակցական թեկնածու եմ եւ իմ ընտրողներին ասել եմ, որ եւս հինգ տարի ես անկուսակցական եմ լինելու: Ես չեմ տեսնում այն քաղաքական ուժը, որի մեջ ես կարող եմ իմ գործունեությունը ծավալել”,- ասել է Սաթիկ Սեյրանյանը: Պատգամավորության թեկնածուն միեւնույն ժամանակ նշել է, որ իրեն` որպես անկուսակցական թեկնածուի, սատարում են ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ` ԲՀԿ-ի եւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: “Հանրապետականի” 90 տոկոսից ավելին իմ կողքին է , եւ զանգահարում են եւ իրենց աջակցությունն են հայտնում, նաեւ ԲՀԿ-ի շարքերից, ՀՅԴ-ի, եւ “Օրինաց երկրի” շարքերից մարդիկ, որոնք արաբկիրցի են, իրենց աջակցությունն են հայտնում` նույնիսկ արաբկիրցի չլինելով, տարբեր համայնքների կուսակցական գործիչներ , գործընկերներ, որոնք այս տարիների ընթացքում իմ գործունեությանը տեղյակ են”:
Սաթիկ Սեյրանյանը նորմալ է վերաբերվում այն հանգամանքին, որ քաղաքական այս կամ այն ուժը, որը տվյալ ընտրատարածքում իր թեկնածուն չունի, սատարում է այս կամ այն թեկնածուին: “Կա թեկնածու, որը անկուսակցական է, որն իր ընտրողին մենակ չի թողնի եւ իր ընտրողին առեւտրականի հոգեբանությամբ չի մոտենում”,- հետ զրույցում շարունակել է Սաթիկ Սեյրանյանը: Սաթիկ Սեյրանյանից հետաքրքրվել են, թե արդյո՞ք իր ամուսնու` նախկին հանրապետական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի` կուսակցությունից դուրս գալը պայմանավորված է եղել Սաթիկ Սեյրանյանի քաղաքական գործունեությամբ կամ ԲՀԿ-ի հետ այս կամ այն չափով ունեցած առնչությունների հետ: “Ոչ, կապ չունի, թեւե իմ ամուսինը ղեկավարում է իմ գրասենյակը: Նա մամուլին մեկնաբանել է, որ ընտրություններից հետո կհայտարարի, թե ինչու է դուրս եկել ՀՀԿ-ից: Այդ իմաստով մեր ընտանիքում մեկս մյուսի գործունեությունը չենք մեկնաբանում: Առողջ ընտանիք է եւ ամեն մեկն ունի իր տեսակետն ու կարծիքը”,-ի պատասխան նշել է Սաթիկ Սեյրանյանը:
Աղբյուրը` henaran.am