ԵՊՀ ուսանողները ԵԱՀԿ-ից պահանջում են դատապարտել Ադրբեջանի գործողությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց: Ինչպես հայտնի է վերջին ժամանակահատվածում զգալիորեն սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծում: Ադրբեջանական կողմից տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ, որոնց հետևանքով տուժել է նույնիսկ քաղաքացիական բնակչությունը. այսպես, սույն թվականի ապրիլի 25-ին ադրբեջանական զինուժը կրակահերթ էր բացել են  Տավուշի մարզի Դովեղ գյուղի ուղղությամբ, որից զերծ չի մնացել նույնիսկ գյուղի մանկապարտեզը: Հաջորդ օրը` ապրիլի 26-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Այգեպար համայնքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է 3 զինծառայող: Ադրբեջանական կողմը կրակել է նաև ԼՂՀ ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ` վիրավորելով երկու զինծառայողի: Այս դեպքերը վկայությունն են Ադրբեջանի իշխանությունների վարած ռազմատենչ քաղաքականության, ինչը խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին շրջանում գործադրած զգալի ջանքերի իրականացմանն ուղղված հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի հաստատմանը: Հաշվի առնելով վերոնշյալը` մենք` Երևանի պետական համալսարանի ուսանողներս, պահանջում ենք ԵԱՀԿ-ին հանձն առնել համապատասխան միջոցառումներ` զսպելու ադրբեջանական ռազմատենչ իշխանությունների նմանատիպ վարքագիծը հետագա դժբախտ պատահարների կանխարգելման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման նպատակով: Ակնկալելով ԵԱՀԿ-ի ակտիվ միջնորդությունը` վստահեցնում ենք, որ ԵՊՀ ուսանողությունը հետամուտ է լինելու բարձրացված խնդրի լուծմանը:




Լրահոս