ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը այսօր կայացած մամուլի ասուլիսին անդրադարձավ նախընտրական քարոզարշավի ժամանակ հաճախ բարձրացվող՝ ընտրացուցակների որակյալ կամ անորակ լինելու հարցին: “Հաճախ ասում են, որ ցուցակները, կարծես թե, աճել են նախորդ ընտրությունների համեմատ, և շատերի մոտ դա առաջացրել է կասկած: Մենք դիմել ենք, ՀՀ ոստիկանությանը և խնդրել ենք մեզ տրամադրել երեք տիպի ցուցակ՝ մեկը նրանք, որոնք ի տարբերություն 2008-ի ընտրությունների, այս տարի ցուցակներում չկան: Նրանց թիվը 198 հազ. է, որոնցից 122 հազ.-ը մահացածներն են: Երկրորդ ցուցակը 18 տարին լրացած այն անձանց ցուցակն է ովքեր 2008-ից համալրել են ցուցակները և երրորդ՝ նրանց, ում 18 տարին չի լրացել, բայց գտնվում են ցուցակներում”,- ասաց նա։ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս ամենի նպատակն այն է եղել, որ տրամադրվեր կուսակցություններին և հետո իրենք ներկայացնեին իրենց տեսակետը: Որպես ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը ևս դրանք ուսումնասիրել է և հետևյալը պարզել. “Պարզեցինք, որ մոտ 68 հազ. քաղաքացի ավելացել է: Դա տեղի է ունեցել առաջին հերթին անվանափոխության պատճառով կամ մարդիկ, ովքեր որևէ վրիպակ են ունեցել իրենց անձնական տվյալների մեջ, դրանք ուղղելով հայտնվել են նոր ցուցակներում”,- ասաց նա և ավելացրեց, որ ավելացածների մոտ 1/5-ը մտցված է անվանափոխության պատճառով, ավելի փոքր թիվ էին կազմում այն մարդիկ, ովքեր նախորդ ընտրություններին ծառայության մեջ էին գտնվում և վերադառնալուց հետո նոր ցուցակում են ընդգրկվել: Դավիթ Հարությունյանը նշեց նաև, որ ընտրացուցակում են այժմ նաև բոլոր այն մարդիկ, ովքեր նախորդ ընտրություններին ինչ-ինչ պատճառներով ցուցակներում ընդգրկված չեն եղել, այժմ նրանց ընտրելու իրավունքը վերականգնվել է: “Առ այս պահը ոչ ոք չի ներկայացրել իրական խախտում: Օրինակ, այն որ նույն անձը երկու անգամ ընդգրկված է եղել տարբեր տեղամասերում, կամ անձը, որը անհայտ է և գոյություն չունի: Իսկ այն որ միևնույն հասցեում միանգամից քսան մարդիկ են գրանցված դա դեռ օրենքի խախտում չի և չի խոսում ցուցակների վատ լինելու մասին”,- ասաց նա:Դավիթ Հարությունը իր ուսումնասիրությունների արդյունքում հանդիպել է 222 անձանց անունների կամ 111 զույգ, որոնց դեպքում բացի միևնույն անուն, ազգանուն, հայրանունները համընկնելուց համընկնում են նաև ծննդյան տարեթվերը:
Դ. Հարությունյանը ընտրացուցակներում անճշտություն չի գտել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ