Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ, ոչ պակաս, քան խայտառակություն դժվար է բնութագրել: Նա երեկ կեսօրին հերքում էր մի բան, որից պարզապես տեղյակ չէր: Ճիշտ այնպիսի անպատասխանատվությամբ, ինչպիսին դրսեւորում է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:
Ընդհանրապես անտեղյակությունը, անտարբերությունն ու անհավես աշխատանքը Հայաստանի պետական համակարգում դարձել է առօրյա: Ու առավել ողբերգական է, երբ պետական պաշտոնյաները վարձատրվելով մեր՝ հարկատուներիս հաշվին, փորձում են սեփական անտեղյակության ու տկարության պաճառները բարդել հենց մեզ վրա:
Սեպտեմբերի 18-ի համարում «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր տեղեկություն, որն ամբողջացնում էր Հայաստանի անլրջությունը դիվանագիտական աշխատանքի նշանակված մարդկանց նկատմամբ: Այդ փոքր լուրը ցույց էր տալիս, որ մեր երկրում կարեւորագույն հարցերն անկարեւորից չեն տարբերվում ու դեսպանի աթոռին հայտնվում են մարդիկ, որոնց «խաթրը» պարզապես պետք է առնել:
Եվ այսպես՝ գրել էինք, որ «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ նա կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով բաստուրմա է տարել: Ո՛չ: Յուրի Վարդանյանը Մայա Փանջիկիձեին նվիրել է ինքն իրեն, ավելի ճիշտ` իր պատկերը` գեղեցիկ շրջանակի մեջ, լեգենդար կարմիր կիսավարտիքով` ծանրաձողը բարձրացրած: Համաձայնեք՝ օրիգինալ նվեր է. ի վերջո, որեւէ կերպ պե՞տք էր վրացիներին «հասկացնել», որ լեգենդի հետ գործ ունեն»:
Լրատվամիջոցներից մեկն այս հրապարակումից հետո խիստ անհանգստացել էր: «Վարդանյանի տարօրինակ նվերը չի՞ առաջացնի հայ-վրացական հարաբերությունների լարում»,- հետաքրքրվել էր «Շաբաթ» էլեկտրոնայինը: Ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր. «Ես չեմ կարծում, որ արժե ընդհանրապես անդրադառնալ «Ժողովուրդ» թերթի հրապարակումներին, հատկապես ԱԳՆ- ի գործունեության վերաբերյալ, քանի որ դրանք հիմնված են բամբասանքների եւ մտացածին տեղեկատվության վրա»:
ԱԳ խոսնակը, որ ՀՀ պետական բյուջեից աշխատավարձ է ստանում, կոստյում հագնում, փողկապ կապում, որպեսզի ապահովի նախարարության եւ հասարակության ու լրատվամիջոցների կապը, հաղորդի անհրաժեշտ պաշտոնական տեղեկություն, իրեն նեղություն չէր տվել անգամ ծանոթանալու հենց դեսպան Վարդանյանի խոսքերին: Երեկ կեսգիշերին մեր գործընկերները՝ 00:15-ին համացանցում տեղադրել էին հարցազրույցը դեսպան Յուրի Վարդանյանի հետ, որտեղ նա ուղղակի հաստատում էր «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած տեղեկությունը:
Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իր՝ կարմիր կիսանդրավարտիքով, ծանրաձող բարձրացնելիս նկարը գեղեցիկ շրջանակի մեջ նվիրել է ոչ միայն Վրաստանի արտաքին գործերի նախարարին, այլեւ Վրաստանի նախագահին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանը: Նա նշեց, որ կարող էր թանկարժեք կոնյակ նվիրել, բայց քանի որ ՎՀ արտգործնախարարը կին է, ճիշտ համարեց գինի նվիրելը, երկրորդ անգամ հնարավոր է կոնյակ տանի: Դեսպանն ասաց, որ շատ ջերմ հանդիպում են ունեցել եւ բացի դիվանագիտական թեմաներից, արտգործնախարարը խոսեց նաեւ Յուրի Վարդանյանի՝ իրենց սպորտաշխարհին օգնելու, ներդրում ունենալու հնարավորության մասին:
«Նույն բանը նախագահին եմ նվիրել, նույն նկարը իրեն եմ տվել, եւ եթե ընդհանրապես նախագահի մոտ մնում են 10-12 րոպե, ես մնացել եմ մոտ ժամուկես, այդ ընթացքում ոնց որ ես անհարմար զգայի, որ այդքան նրան զբաղեցնում եմ, իսկ նախագահն անընդհատ հարցեր էր տալիս, հետաքրքրվում, ես եմ այդ մարդուն ասում՝ պարոն նախագահ, չէի ուզենա ձեր ժամանակը չարաշահել, ես ինքս եմ առաջարկել վերջացնել այդ հանդիպումը»,-ասաց դեսպանը»,- գրել է news.am-ը:
Կարծում ենք, որ այս հարցազրույցը ընթերցելուց հետո մեր ընթերցողներից յուրաքանչյուրն իրավունք ունի կասկածելու, որ ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը բամբասանք տարածող, անլուրջ ու պետության գլխին անիմաստ բեռ դարձած, ծառայողական ավտոմեքենա զբաղեցնող մի չինովնիկ է, ով ադեկվատ պահվածքից զուրկ է: Նա չի գիտակցում իր խոսքի արժեքն ու պաշտոնի լրջությունը:
Իհարկե, ՀՀ ԱԳՆ-ում անլրջությունը կարծես թե ավելի վերեւից եկող պահվածք է, քանի որ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն էլ 2009 թվականին դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ասում էր, թե հայ-թուրքական արձանագրությունների մեջ նախապայմաններ չկան եւ դրանք անհրաժեշտ է վավերացնել: Ավելի ուշ պարզվեց, որ նա ստում էր: Ավելին՝ այդ արձանագրությունները մինչեւ հիմա չեն ստորագրվել:
ՀՀ արտգործնախարարությունն անտեղյակ էր նաեւ հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից: Ազգային խայռատակություն հիշեցնող այդ իրադարձությունը տեղի ունեցավ, որից հետո նոր հայկական կողմը թմբիրից արթնացավ: Նույնիսկ այդ շրջանում լուրեր էին պտտվում, թե դեսպանատան աշխատակիցներն այնքան անփույթ են եղել, որ այդ թեմայով ստացված ֆաքսերը հանկարծ հայտնվել են աղբարկղում:
Եվ երբ համադրում ենք ԱԳՆ-ի անգործությունն ու դիվանագիտության հետ առնչություն չունեցող մարդկանց կատարած դիվանագիտական աշխատանքի մակարդակը, մնում է գրել ընդամենը մեկ նախադասություն. այս մակարդակի պետական գերատեսչությունից ինչպե՞ս կարելի է լրջություն ակնկալել:
Ալբերտ Խուրշուդյան