
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով` այլ համայնքի հաշվառում ունեցող և քվեարկության օրը գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվել ցանկացող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող և քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվել ցանկացող քաղաքացիները, նաև՝ ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված և իրենց մշտական բնակության վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվել ցանկացող պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները լիազոր մարմին կարող են դիմել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 7 օր առաջ, որի ժամկետը լրանում է 2012 թ. ապրիլի 29-ին: Ինչպես armlur.am-ին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից, այդ հանգամանքը նկատի ունենալով, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը տարածքային անձնագրային ծառայություններին հանձնարարել է 2012 թ. ապրիլի 29-ին աշխատանքը կազամակերպել այնպես, որ քաղաքացիները կարողանան իրացնել իրենց վերը նշված իրավունքները:
Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրում է տարածքային անձնագրային ծառայություններ դիմել բացառապես ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու հարցերով: