«Ժուռնալիստիկան իրապես չորրորդ իշխանություն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում խոսքի ազատության մակարդակի, հայկական ժուռնալիստիկայի բաց կողմերի եւ ոլորտը վերահսկող պետական մարմինների «կիսագործունեության» մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ Ժուռնալիստների միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Կրթության միջազգային ակադեմիայի Ժուռնալիստիկայի կուրսի ղեկավար Զառա Արամյանի հետ:
-Լինելով վաստակավոր լրագրող՝ ինչպե՞ս եք գնահատում մեր այսօրվա լրագրության մակարդակը:
-Ի տարբերություն շատ քննադատների, պետք է ասեմ, որ ես բացասական կարծիք չունեմ մեր այսօրվա լրագրության վերաբերյալ: Գոհունակությամբ եմ արձանագրում այն հանգամանքը, որ մեր լրագրողներն աչքի են ընկնում բացառիկ համարձակությամբ, խիզախությամբ, «կրակի վրա նետվելու» պատրաստակամությամբ: Ոչ քուն ունեն, ոչ դադար, պատրաստակամ են եւ իրենց մասնագիտությանը նվիրված: Մինչեւ վերջ ամեն ինչ անում են` իրենց ցանկացած ինֆորմացիան կորզելու համար:
-Արդյոք միայն դա բավարա՞ր է, այսօր հատկապես պետական պաշտոնյաներից ու քաղաքական գործիչներից հաճախ կարելի է դժգոհություն լսել այն մասին, որ երիտասարդ լրագրողները պատրաստված չեն, եւ նրանց միակ արժանիքը հենց Ձեր նշած համարձակությունն է:
-Ժուռնալիստիկան ներառում է բազմաթիվ մասնագիտություններ: Լրագրողը պետք է բավականին պատրաստված լինի, տեղեկացված ամենատարբեր բնագավառներից, որպեսզի այդ թեմաների շուրջ վերլուծություններ անելու համարձակություն, իրավունք ունենա: Կրթվածության այդ աստիճանը միայն համալսարաններում չեն ձեռք բերում: Լրագրողը ու, առհասարակ, ցանկացած մասնագետ, պետք է մշտապես ինքնակրթությամբ զբաղվի, աշխատասեր ու պատրաստակամ լինի, որպեսզի կարողանա իրեն լիարժեք զգալ, մասնագիտական առումով` ապահով ու առավել համարձակ: Մեր լրագրողները աշխատում ու ամեն ինչ անում են այդ չափանիշներին համապատասխանելու համար:
-Ի՞նչն է պակասում մեր լրագրության մեջ:
-Առաջ ավելի դժվար էր: Ինֆորմացիա կորզելը, տեղեկատվական միջոցների սակավությունը լրագրողների աշխատանքն առավել դժվարացնում էին: Հիմա այդ առումով ամեն ինչ առավել դյուրին է: Պետք է միայն աշխատել, աշխատել ու էլի աշխատել: Երբեմն մեր լրագրողները, չարաշահելով մասնագիտական կարողությունները, շատ են մարդկանց անձնական կյանք մտնում, իրենց համար փակ դռներ են թակում ու այդ դռներից ներս են մտնում: Այ դա ավելորդ է արդեն: Բայց մեկ նկատառում էլ չեմ կարող չանել ու չարձանագրել այն փաստը, որ այդ հանգամանքը բավականին զգոն է պահում մեր հասարակությանը: Եթե լրագրողը գրում է որեւէ քաղաքական գործչի մասին, վերջինս բավականին զգոն է լինում եւ իրեն ավելի հավաք ու պատշաճ է պահում: Իմ հաղորդումների շրջանակներում էլ ես համոզվել եմ, որ շատ հաճախ հայտնիների անձնական կյանքին անդրադառնալը կարող է նաեւ օգտակար լինել. տեսնում ես այդ մարդկանց բոլորովին այլ տեսանկյունից, հասկանում ես, թե մարդն իր ընտանքիում ինչպիսին է, ինչ զավակ է, ինչ ծնող է … հավատացե՛ք, այդ ամենը բավականին մեծ եւ օգտակար ինֆորմացիա է տալիս տվյալ մարդու մասին:
-Ի՞նչ եք հորդորում Ձեր ուսանողներին առաջին հերթին:
-Լինել համարձակ, շատ համարձակ: Այսպիսի մի արտահայտություն կա. «դռնից հանում են , պետք է պատուհանից մտնես, պատուհանից են հանում, պետք է դռնից մտնես»: Ահա այս կենսակերպով պիտի ապրեն ու գործեն լրագրողները, բայց, բնականաբար, այդ ընթացքում չմոռանալով էթիկայի, բարեխղճության մասին:
Շատ կարեւոր է չընկճվել, չկոտրվել, համարձակ լինել եւ դժվարություններից չվախենալ: Սա հաջողության հասնելու գլխավոր նախապայմանն է:
-Մերօրյա լրագրությունն իրապես չորրորդ իշխանությո՞ւն է:
-Այո, համարձակ կերպով պետք է ասեմ` այո: Մեզ՝ լրագրողներիս, պետք է հարգեն, մեր ձեռքերում շատ բան կա: Այս առավելությունն օգտագործելը մեծագույն վարպետություն է պահանջում:
Որեւէ գործարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող մարդը այդ պաշտոնում լիակատար կերպով ինտեգրվելու եւ այդ պաշտոնի նրբություններին լիարժեք տիրապետելու համար, պետք է պատկերացնի այդ գործարանում աշխատող բանվորի պարտականությունները եւ դժվարությունները: Նույնն էլ լրագրողի դեպքում է: Լավ լրագրող դառնալու համար պետք է ճաշակել լրագրության ամենադժվարին կողմերը, որպեսզի մասնագիտական բարձունքներին հասնելը տրամաբանական լինի:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս