Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ ՀՀ ԱԺ-ում հայտարարել է, թե հոկտեմբերի 10-ին նախատեսված է, որ կորոշվի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը եւ ժամկետների ձգձգման խնդիր չպետք է լինի: Իհարկե, նման մի հայտարարություն էլ վերջերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն էր արել: Սակայն, դատելով մինչ օրս այս թեմայի շուրջ արված հայտարարություններից, դժվար է պատկերացնել, թե, ի վերջո, երբ գլուխ կգա Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության գործընթացը: Հիշեցնենք, որ անցյալ տարի հոկտեմբերին Բելառուսի նախագահն ասաց, թե ՀՀ-ն չի կարող ո՛չ այս, ո՛չ էլ մյուս տարի անդամակցել ՄՄ-ին, ինչից հետո Հայաստանում ՀՀԿ խոսնակը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու իր թիմակիցները վստահեցրեցին, թե մինչեւ դեկտեմբեր հարցը կլուծվի: Սակայն դեկտեմբերին, երբ ստորագրվեց ճանապարհային քարտեզը եւ Ղազախստանի նախագահն էլ հայտարարեց, որ հատուկ կարծիքով կմիանա, գործող իշխանությունը՝ նաեւ ԱԳ փոխնախարար Շ. Քոչարյանի շուրթերով, այս անգամ էլ վստահեցրեց, թե մինչեւ մայիսի վերջ գործընթացն ավարտված կլինի: Ավելին՝ ՀՀ-ն ԵՏՄ հիմնադիր անդամ կդառնա եւ կունենանք վետոյի իրավունք: Բայց երբ եկավ մայիսը, սկսվեց անորոշություն, թե՝ «կապրենք՝ կտեսնենք»:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը 4 ամիս առաջ Աստանայում հայտարարեց, թե պատրաստ ենք անդամակցել: Բայց Նազարբաեւն իր հայտնի նամակի ընթերցմամբ գործընթացը հետաձգեց մինչեւ հունիսի 30-ը: Այնուհետեւ վարչապետ Հ. Աբրահամյանն ասաց, թե հուլիսի 3-ից շուտ չի լինի, երբ կհանդիպեն ՀՀ եւ ՌԴ նախագահները: Սակայն այդ հանդիպումը չկայացավ: Այնուհետեւ Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ հոկտեմբերին կլինի: Ավելի ուշ Սոչիում Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ գուցե շատ չի ձգձգվի՝ մինչեւ աշուն:
Այնպես որ, դժվար է ասել՝ իրարամերժ հայտարարությունների այս ֆոնին ինտեգրացիոն ինչ ապագա է սպասվում մեզ:
«Ժողովուրդ»-ին հետաքրքիր տեղեկություններ հասան նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն-Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ գրասենյակում կայացած հանդիպման մասին: Ինչպես հայտնի է, առաջնորդներին ուղեկցում էին նրանց վստահելիները, որոնց շրջանակներից էլ պարզեցինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին լրջորեն բացատրել է, թե պետք է կյանքի գնով էլ լինի թույլ չտալ Սերժ Սարգսյանին՝ իրականացնելու Սահմանադրական բարեփոխումներ: «Դա Սերժ Սարգսյանի իշխանության վերաարտադրության միակ միջոցն է մնացել, որին պետք է խոչընդոտել»,- մանրամասնել է Տեր-Պետրոսյանը: Իսկ Գագիկ Ծառուկյանը ուշադրությամբ լսել է եւ ասել, որ ամեն ինչ կանեն: ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կարծում են, որ Սերժ Սարգսյանը ՍԴ փոփոխությունների հետո ինչ-որ մեկին «սիմվոլիկ» նախագահ կկարգի, ինքն էլ կնշանակվի վարչապետի պաշտոնում՝ այդպիսով անժամկետ երկարաձգելով սեփական իշխանությունը:
Սյունիքի մարզպետի պաշտոնից ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի անակնկալ հեռացման մասին տարատեսակ լուրեր են շրջանառվում. նա տապալել է ամեն ինչ: Ինչպես հայտնի է, Վահե Հակոբյանը եւ նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, մշտապես լարված հարաբերություններ ունեին նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Ու շատ հաճախ իրականացնում էին քայլեր՝ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, թե ՀՀԿ-ականների հենարանը համարվող Սյունիքը թուլացել է եւ այնտեղ սկսել են թելադրող դառնալ ԲՀԿ-ականները, ինչը սպասվող ՍԴ փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լրացուցիչ խնդիրներ կառաջացնի: Ու որպեսզի ՀՀԿ-ի դիրքերը վերականգնվեն, այնտեղ պետք է վերադառնա հայտնի Սուրեն Խաչատրյանը: Հիմա Սերժ Սարգսյանը երկմտում է՝ գնալ ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդման ու միաժամանակ վարկաբեկման ճանապարհո՞վ՝ նշանակելով Լիսկային, թե՞ «կրկին փորձել» այլ թեկնածուի՝ անորոշ հեռանկարով:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Արարատի մարզում գործող «Բորոդինո» պահածոների գործարանը ֆինանսական վատ վիճակում է: Նույնիսկ խոսակցություններ կան, որ ընկերությունը սնանկացման ճանապարհն է բռնել: Թե ինչու է հայտնվել նման վիճակում եւ զարգացման ինչ հեռանկարներ ունի` «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Բորոդինո պահածոների ընկերության փոխտնօրեն Սիսակ Աղայանից: Նրա հավաստիացմամբ. «Դրանք սուտ տեղեկություններ են եւ հիմնավոր չեն: Ես չեմ հասկանում, թե որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Հավանաբար մարդիկ կան, ովքեր ցանկանում են վարկաբեկել մեր ընկերության անունը»: Մինչդեռ մեր աղբյուրները հաղորդում են, որ Բորոդինոն, ի թիվս այլ ֆինանսական խնդիրների, դեռ նախորդ տարվանից մոտ 1.5 մլն դրամ պարտք է մնացել Վայոց Ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին` մթերած խնձորի դիմաց:
ԱՐՏՈՆՅԱԼ ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԸ
Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց է ուղղել «Արմավիա»-ի կուտակած պարտքերի մասին: Հիշեցնելով, որ «Արմավիա»-ն չի կատարել իր հարկային պարտավորությունները, ընդդիմադիր պատգամավորն իր տարակուսանքն է հայտնել առ այն, որ կառավարությունը հանդես չի եկել քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությամբ` այդպիսով պարտակելով կատարված հանցագործությունը: «Նոր կառավարությունը ոչ միայն շարունակում է հանցագործության պարտակման գործը, այլեւ ճարպկորեն օգնում է Բաղդասարովին` թեթեւացնելու իր պարտքերի բեռը պետության հաշվին` միեւնույն ժամանակ օգնելով կախարդական փայտիկ չունեցող վարչապետին խոսել բյուջեն լցնելու խոստումների կատարման մասին»,-ընդգծել է պատգամավորը:
Ի պատասխան` ՀՀ ֆիննախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, թե եթե կառավարությունը հարկային պարտավորությունները չկատարող օդային փոխադրողի գործունեության վրա արգելանք դներ, ապա Հայաստանը կմնար առանց օդային փոխադրումների. «Այդ պատճառով էլ համբերատար, ինչպես վարվում ենք նաեւ շատ այլ ձեռնարկությունների հետ, ժամանակացույց ենք տրամադրում, որպեսզի կարողանան վճարումներ կատարել»,-պարզաբանել է Խաչատրյանը:
Սա ապշեցնող տրամաբանություն է: Փաստորեն` ՀՀ իշխանություններն ի սկզբանե ողջ դաշտը հանձնում են մեկ օլիգարխի տնօրինմանը, ապա հայտնվելով պատանդի կարգավիճակում` ստիպված հարմարվում մենաշնորհատիրոջ ապօրինություններին ու քմահաճույքներին: Կոնկրետ «Արմավիա»-ի դեպքում այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչից ելնելով այդ ընկերությանը տրամադրվեց ազգային փոխադրողի անհասկանալի կարգավիճակը, այն էլ` ամբողջ տասը տարով: Եվ տրամադրվելուց հետո էլ վերջինիս վարած խայտառակ գնային քաղաքականությունն ու սպասարկման որակն աչքի առջեւ ունենալով` ինչու կառավարությունը ընկերությանը տրված այդ կարգավիճակը չեղյալ չհայտարարեց եւ ավելի շուտ չանցավ «բաց երկնքի» քաղաքականությանը, որի դիմաց Արեւմուտքը պատրաստ էր լուրջ աջակցություն ցուցաբերել:
Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն, իհարկե, հայտնի են յուրաքանչյուրին: ՀՀ-ում որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Բաղդասարովը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ գործարարներից մեկն էր (ով գիտե, գուցե եւ` է), ով դրա շնորհիվ ոչ միայն մի ողջ ոլորտի զարգացում էր տորպեդահարում, այլեւ նրան պատկանող ընկերությունները տարիներ շարունակ չէին վճարում հարկերն ու անգամ տարբեր կոմունալ` ջրի, գազի, էլէներգիայի վարձավճարները: Եվ այն աճուրդային աճպարարությունը, որն օրեր առաջ իրականացվեց Բաղդասարովին պատկանող «Միկա» մարզահամալիրի` Ֆիննախարարությանը փոխանցելու հարցում, ցույց է տալիս, որ Ս. Սարգսյանի մերձավոր օլիգարխները շարունակում են մնալ արտոնյալի կարգավիճակում` անգամ եթե հարյուրավոր միլիոնների վնաս են հասցրել պետությանը: