
Ավարտվեց “Շիրակ”-“Իմպուլս” ֆուտբոլային հանդիպումը, և Գյումրիի “Շիրակը” առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը: Ինչպես տեղեկացնում է “Արմսպորտ” կայքը, գյումրեցիները 5-րդ անգամ էին դուրս գալիս գավաթի եզրափակիչ ու վերջապես կարողացան նվաճել պատվավոր տիտղոսը՝ “Իմպուլսին” պարտության մատնելով 1։0 հաշվով: Գյումրին ներկայացնող ակումբը նաև Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք ստացավ: Գյումրին ցնծում է։
Խաղը տեղի ունեցավ Գյումրու քաղաքային մարզադաշտում։ Միակ գոլի հեղինակն էր Յորո Լամին Լին, ով “Իմպուլսի” դարպասը գրավեց երկրորդ անկյունայինից հետո: Հիշեցնենք, որ վերակառուցումից բացվել է Գյումրու քաղաքային մարզադաշտը: Խաղից առաջ օրհնվել էր մարզադաշտը, որից հետո ողջույնի խոսքով հանդես էր եկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` շնորհակալություն հայտնելով “Շիրակի” նախագահ Արման Սահակյանին` այս տոնը կազմակերպելու համար: