ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐԿՈՎ ԵՐԿԻՐ ՊԱՀԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

2008 թվականից իշխանությունն իր ձեռքը վերցրած ու բազում ձախողումներ գրանցած Սերժ Սարգսյանի իշխանության մոտ մի բան, այնուամենայնիվ, լավ է ստացվում. վարկ վերցնելը: Իսկ թե ով եւ ինչ միջոցներով պետք է մարի դրանք, այս պահին որեւէ մեկին չի հետաքրքրում: Գլխավորն այն է, որ ՀՀ նախագահի կողմից ԱԺ-ում համաձայնագիր է ներկայացվել, որը պետք է վավերացվի: Ավելորդ հարցեր տալը կարող է ճակատագրական դառնալ իշխանական պատգամավորների համար:

Երեկ ԱԺ-ում բավականին բուռն քննարկվում էր ՀՀ նախագահի ներկայացրած 2014-ի մայիսի 23-ին ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Կրթության բարելավման ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը. դրանով նախատեսվում է 30 մլն դոլար վարկի ստացում, որը պետք է ծախսվի նախադպրոցական, դպրոցական, բուհական խնդիրների լուծման վրա:
Իսկ ինչպե՞ս պետք է ծախսվի գումարը: Այս կարեւոր հարցի պատասխանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տվեց՝ մանրամասնելով, թե կոնկրետ ինչ են անելու այդ վարկով. «Շինարարական աշխատանքների համար նախատեսված է 17 մլն դոլար, ապրանքների ձեռքբերման համար՝ 7 մլն 330 հազար դոլար, խորհրդատվության համար, այդ թվում նաեւ միջազգային խորհրդատվության համար՝ 4 մլն 181 հազար դոլար, դրամաշնորհների համար՝ 7 մլն 580 հազար դոլար, վերապատրաստման համար՝ 560 հազար դոլար, գործառնական ծախսերի համար՝ 569 հազար դոլար: 20 տոկոսի չափով էլ պետք է համաֆինանսավորի պետբյուջեն՝ 5 տարիների ընթացքում»:
«Կրթական ծրագիրը շատ սիրուն է, բայց մեզ անհանգստացնում է այն, որ արտաքին պարտքը հասել է սահմանագծին: Նաեւ անհանգստացնում է սուբյեկտի պակասելը ՀՀ դպրոցներում… ձեր մոտ՝ կառավարության մեջ, գոնե մի հոգի մտահոգվե՞լ է, որ սրանով պետական պարտքն ավելի է մեծանում»,-տարակուսեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ մանրամասնելով, որ մայիս ամսին արդեն 100 մլն դոլար պետք է ուղղվի եվրոբոնդերի սպասարկմանը, որի տոկոսների մարման համար տարեկան 42 մլն դոլար է հատկացվելու, իսկ 2020թ. եվրոբոնդերի գումարը կկազմի 700 մլն դոլար: «Վարկերի պատճառով ՀՀ-ն կորցնում է իր ինքնիշխանությունը: ՀՀ արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի կեսը: Կա վարկ՝ անարդյունավետ է ծախսվում: Օրինակ՝ Գիլյոտին ծրագրի հետ կապված 2 տարում ստացել ենք 1.3 մլն եվրո վարկ: Այդ ծրագիրը փուչ ծրագիր է, որովհետեւ կես միլիոն դոլարը միայն աշխատակազմի գումարն է: Միայն շենքային պայմանների համար 130 հազար պետք է մուծվի: Ծրագիրը ավարտվելու է ու դրա արդյունավետությունը վերահսկելու համար մոտ 1 մլն եվրո էլ գալու է: Ստեղծվելու է երկրորդ հիմնարկը, որի աշխատակազմի համար 400 հազարից ավելի գումար է գնալու: Շատ չի՞ շքեղությունը: Մեր վարկային քաղաքականությունը սա է՝ աննպատակ մսխվող գումարներ»,-հայտարարեց Ա.Մանուկյանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է այդ վարկային միջոցների հաշվին հիմնանորոգել Արարատի մարզի դպրոցներից մեկը, որը ծայրահեղ ծանր վիճակում է: Նա ասաց, որ ուսումնական պրոցեսի մասնակիցների գլխին առաստաղից ջուր եւ այլ նյութեր են թափվում: Արմեն Աշոտյանը դրական պատասխան տվեց՝ հայտնելով, որ միջոցները հավասարաչափ բաշխվելու են Հայաստանով մեկ. «Առնվազն ամեն մարզից մեկ ավագ դպրոց է վերակառուցվելու, Լոռիում եւ Շիրակում նախատեսել ենք 2-ական դպրոց, մնացած գումարներն ուղղվելու են Երեւան: 17-20 դպրոց է ընդհանուր առմամբ: Հաշվի են առնվելու, թե տվյալ բնակավայրում այդ դպրոցը կրթության ինչպիսի նախապատմություն ունի»:
Մեկ այլ ԲՀԿ-ական Վահան Բաբայանն էլ մտահոգվեց, որ 4 մլն դոլար ծախսվելու է միայն խորհուրդ հարցնելու վրա: «Չե՞ք կարծում, որ շարունակվում է այդ տխրահռչակ քաղաքականությունը խորհրդատվություններով գումարներ փախցնելու: Սոցապնախարարն էլ ասաց, որ 1 մլն 100 հազար դոլար խորհրդատվության համար էր կրկին ծախսում: Ստացվում է, որ կառավարությունը 5 մլն 100 հազար դոլար խորհրդատվության համար է ծախսում՝ պարտքերն էլ թողնելով մեր ապագա սերունդների՝ մեր վզին». Վահան Բաբայանի այս հարցին Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես թաքցնելու բան չունեմ: Եթե դուք ուզում եք հետեւել այդ միջոցների ծախսին, դուք այդ իրավասությունը ունեք: Կարող եք հետեւել բյուջեի հաշվետվության ժամանակ, ՎՊ տարեկան զեկույցի ժամանակ կամ ինքներդ հայտնաբերելով խնդիրներ: Ցանկացած շինարարություն պահանջում է լրջագույն խորհրդատվություն եւ մոնիտորինգ»:
Արամ Մանուկյանն էլ հիշեցրեց, որ վարկերն ունեն խոցելի հատկություն՝ հիմնականում վարկ վերցնողը չի վճարում այն: Բնականաբար, բոլոր երկրները վարկ վերցնում են՝ պատասխանատվության սեփական չափով: Կան նաեւ միջազգային նորմեր, երբ վարկերն անցնում են թույլատրելիության սահմանը: Մենք մոտեցել ենք այդ սահմանին: Սա է անհանգստացնում մեզ: 15 տարի առաջ Հայաստանում կար 600 հազար աշակերտ: 250 հազար աշակերտ դպրոցներում պակասել է: Այսօր Հայաստանի դպրոցների շենքային պայմանների ընդամենը 52 տոկոսն է օգտագործվում: Իսկ վարկերի վիճակը մեզ մոտ շատ տխուր է: 5 տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքը կազմել է 4.5 մլրդ դոլար, մեծացել է ուղիղ 3 անգամ: Պարտքերը կազմում են մեր ՀՆԱ-ի մոտ 46 տոկոսը: «Ինչքա՞ն կարելի է անպատասխանատվությամբ այսօրվա վարկը գցել վաղվա եկողների վրա ու արագացված տեմպերով: Սա կոլեկտիվ պատասխանատվության խնդիր է»,- հիշեցրեց պատգամավորը:
Սակայն սթափության կոչը տեղ չհասավ. փող է պետք:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ: Առայժմ դատարանի նախագահի պաշտոնի համար մրցույթ հայտարարված չէ: Սակայն «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանն է:
Նշենք, որ Էդիկ Մանուկյանի՝ թոշակի անցնելուց հետո դատավոր Մովսեսյանը նշանակվել է դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Ի դեպ, Մովսեսյանը հանրությանն առավել հայտնի է «Մատաղիսի գործով»:

 

ԳՈՒՄԱՐ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
«Սինջար եզդիների ազգային միավորում» հկ-ն Իրաքում ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով երկրորդ անգամ է պատրաստվում դրամահավաք անցկացնել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Սինջար» հկ-ի նախագահ Բորիս Մուրազիից: «Այս անգամ անհրաժեշտ գումարը հավաքելուց հետո մեր կազմակերպության երիտասարդներից մի քանիսը կգնան Սիրիա, քանի որ այնտեղ եզդի փախստականների ճամբար կա, որտեղ ապրում է գրեթե 100 հազար եզդի»,- փոխանցեց Բորիս Մուրազին: Բացի այդ, հկ-ի նախագահը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ստեղծվել է «Փրկենք եզդիներին» նախաձեռնող խումբ, որը նույնպես դրամահավաք է անցկացնում:

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆՈՎ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատելու է մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման կարգը եւ շտեմարանին տեղեկություն տրամադրող կազմակերպությունների ցանկի մասին որոշումը: Շտեմարանի ստեղծման հիմնական նպատակը Հայաստանի մշակութային շարժական հարստության տեղեկությունը մեկ համակարգում հավաքելն է: Այն կամբողջացնի Հայաստանի մշակութային շարժական արժեքների պահպանական ցուցակը, որտեղից կարելի է անվճար տեղեկանալ անհրաժեշտ առարկայի պահպանվելու վայրի մասին եւ դրա վերաբերյալ ստանալ ընդհանուր պատկերացում` մի քանի տասնյակ կայքէջերում փնտրելու փոխարեն: Ի դեպ, շտեմարանը հնարավորություն կընձեռի նաեւ վերահսկելու մշակութային շարժական արժեքների արտահանումը, կանխելու մշակութային արժեքների ապoրինի արտահանումը եւ կանխարգելելու դրանց նկատմամբ uեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը:
Այս ամենից հետո միայն մի հարց է մնում՝ արդյո՞ք այդ շտեմարանը կօգնի, որ մշակութային շատ օջախներ փրկվեն ոչնչացումից, թե՞ պարզապես դրանք կցուցակագրվեն այս անգամ առցանց տիրույթում եւ վերջ:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ
Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենքի ընդունումը:Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ընդգծելով, որ սա կարեւոր քայլ էր ցեղասպանությունների եւ մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:

 

ԿՐԿԻՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ նկարչուհի, դերասանուհի, վիզաժիստ Մակա Չիչուան օրինականացրել են իրենց հարաբերությունները: Ավելի վաղ վրացական մամուլում եւ սոցցանցերում աշխույժ քննարկվել էր նախագահի ընկերուհու հավանական հղիության թեման: Եթե այդ տեղեկությունը ճիշտ է, Մարգվելաշվիլին կհայրանա երկրորդ անգամ. նա արդեն չափահաս դուստր ունի: Վերջերս սոցցանցում տարածվել էին ապագա առաջին տիկնոջ լուսանկարները, որոնցում նա լողազգեստով է:

 

ՕՐԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ
ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանը, ով նախօրեին մասնակցել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, «Ազատությանն» ասել է, թե Քառյակի հանրահավաքի օրը դեռեւս համաձայնեցված չէ` այդուհանդերձ նշելով, որ դա կկայանա հոկտեմբերի սկզբներին:
«Քառյակի որոշում է պետք դրա համար: Տարբեր կուսակցություններ տարբեր օր են նշել, եւ մենք երեւի թե վաղը-մյուս օրը կհստակեցնենք դրանք»,-ասել է նա՝ նշելով, թե ԲՀԿ-ն «միանշանակ» մասնակցելու է հանրահավաքին:

 

ԴԵՌ ՇԱՆՍ ԿԱ
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի համոզմամբ, Եվրամիության որոշումը՝ առաջիկա տարիներին մեծածավալ օժանդակություն տրամադրել Հայաստանին, նշանակում է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները շարունակում են զարգանալ եւ «առաջիկայում հնարավոր կլինի խոսել հարաբերությունների խորացման մասին»: Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի՝ 2014-2017թթ. ընթացքում հանրային կառավարման եւ արդարադատության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

 

ԴԻՄԵՑԻՆ ՄԻԵԴ
Ադրբեջանական գերության մեջ խոշտանգված Մամիկոն Խոջոյանի գործը պաշտոնապես ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել «Ընդդեմ իրավական կամայականության» հկ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ:

 




Լրահոս