ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՅԳԵՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Այգեստան գյուղում: Հանցագործը կամ հանցագործները ձախ ձեռքով սպանել, թալանել եւ չի բացառվում նաեւ՝ բռնաբարել են ազատամարտիկի քրոջը:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ից մինչեւ սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում: Անհայտ անձը (կամ անձինք) տան ննջասենյակում սպանել է 1958թ. ծնված Հերմինե Գրիգորյանին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանն ասաց, որ սպանված Հերմինեն արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկի քույր էր. «Շատ բարոյական աղջիկ էր: Ամուսնացած չէր: Եղբայրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունում է, մյուս եղբայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Իսկ մյուս քույրն ու եղբայրն ամուսնացած են, իրենց ընտանիքներն ունեն: Սպանված Հերմինեն մեծ գերդաստան ուներ, սակայն մենակ էր ապրում: Մի կով ուներ եւ գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Որ ասեմ՝ ինչ-որ ունեցվածքի տեր էր, նման բան չկա, սովորական ապրող միայնակ աղջիկ էր: Ինչ գումար էլ ուներ, հաստատ տանը չի պահել, քարտի վրա է գցած եղել»:
Գյուղապետի պատմելով՝ Հերմինեի ընկերուհին առավոտյան ձայն է տվել նրան, սակայն երբ որեւէ պատասխան չի ստացել, դիմել է հարեւաններին, որ օգնեն՝ հասկանալու, թե որտեղ է Հերմինեն. «Տան դարպասի դռները փակ են եղել եւ հարեւանի տղաները՝ Սուրենը ու Սենիկը, պատից թռել են տուն եւ մտնելով ներս՝ տեսել են ամեն ինչ խառը վիճակում է: Հերմինեն գետնին ընկած է եղել, ահագին շորերը վրան գցած, գիշերային շալվարը հագից հանած, մի կողմ գցած: Բռնության հետքեր են եղել վրան: Հաստատ նրա ձեռքերը կապած են եղել: Մի խոսքով, շատ դաժան են վարվել նրա հետ»:
Ըստ համայնքի ղեկավարի՝ ինքը ոստիկաններին խորհուրդ է տվել, որ բոլոր գյուղացիների մատնահետքերը վերցնեն. «Այդտեղ ամոթալի բան չկա, քանի որ մեր գյուղի 99 տոկոսը շահագրգռված է, որ այս դաժան դեպքը բացահայտվի»:
Ի դեպ, Սոկրատ Հովսեփյանը կասկածներ ունի, որ Հերմինեին բռնաբարել են: Սակայն այդ հարցի վերջնական պատասխանը կտա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց նաեւ խեղդամահ եղած կնոջ եղբոր՝ Ռուբեն Գրիգորյանի հետ, ով տեղեկացրեց, որ հանցագործը կամ հանցագործները հասցրել են տանից որոշ իրեր տանել:
«Ոսկյա ականջօղերը, բրլիանտից մատանին, ողորմածիկ մայրիկիս կալցոն ու մեկ հատ էլ 6 գրամանոց ոսկի: Դեպքի առաջին օրը քրոջս հետ մի քանի անգամ խոսել եմ: Նորմալ էր տրամադրությունը, սովորական»,-պատմեց եղբայրը: Նրա խոսքերով՝շատ դաժան են վարվել քրոջ հետ. «Մերկ վիճակում գցել են գետնին, ինչքան դոշակ, վերմակ կար գցել էին վրան: Ամբողջ գյուղին տանում-բերում են ոստիկանություն, սկսած ինձնից տարել են, մատնահետքերը վերցրել են: Մի խոսքով, լուրջ զբաղվում են»,-լացակումած ասաց Ռուբենը՝ հայտնելով, որ քրեագետների նախնական եզրակացությամբ՝ մարդասպանը Հերմինեին սպանել է ձախ ձեռքով:
Հարցին, թե արդյոք հարեւաններից ոչ մեկ որեւէ ձայն չի լսել կամ տարօրինակ բան չի նկատել դեպքի օրը, սպանվածի եղբայրն ասաց, որ դեռ իրեն ոչինչ չեն ասել: Հարեւաններին հարցաքննում են:
Ինչպես տեղեկացանք սպանված Հերմինեի եղբորից, նա մեկ շաբաթ առաջ իր հորթը վաճառել է հարեւան գյուղերից մեկում եւ չի բացառվում, որ հանցագործներն իմացել են, որ նա գումար ունի տանը, դրա համար էլ մտել են տուն:
Նկատենք, որ վերջին շրջանում հանցագործները, մուտք գործելով բնակարաններ, ոչ միայն թալանում են, այլ նաեւ դաժան ծեծի ենթարկում տան անդամներին: Միգուցե Հերմինեի դեպքում նա ճանաչե՞լ է հանցագործին, այդ պատճառով էլ ոչ միայն թալանել ու ծեծի է ենթարկել, այլեւ՝ հետքերը վերացնելու նպատակով՝ խեղդամահ անելով սպանել: Հուսանք՝ իրավապահներին կհաջողվի օպերատիվ կերպով գտնել հանցագործներին:
Հ.Գ. Անցել է երեք օր, սակայն խեղդամահ արված կնոջը դեռ չեն հուղարկավորել։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ՈՎ Է ԵՐՐՈՐԴ ԱՆՁԸ
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Սամվել Հարությունյանի հարազատները մարտական են տրամադրված: Բանն այն է, որ մահացած զինվորի գործով ձերբակալված Վարդան Դավթյանի հարազատները գնացել են քննիչների մոտ եւ ասել, որ իրենց որդին չէր կարող որեւէ մեկին դրդել ինքնասպանության: Ավելին՝ Վարդանի ծնողներն իրենց որդու առնչությունը կատարվածի հետ բացառելու համար ներկայացրել են նրա ծառայության ընթացքում ստացած պատվոգրերը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մահացած Սամվել Հարությունյանի հարազատները կասկածներ ունեն, թե այս գործում կա երրորդ անձ, եւ որ մահացած Սամվելի եւ Վարդանի «գլխին սարքել են»: Իսկ թե ինչ կպարզվի քննության ընթացքում եւ որքանով են տեղին ծնողների կասկածները, ցույց կտա քննությունը:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով) հատկանիշներով: Ժամկետային զինծառայող Վարդան Դավթյանը ձերբակալվել է:

 

ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԾԱՑՆԵՆ
Հայաստանի մայրուղիներում թույլատրելի արագությունը կարելի է նաեւ մեծացնել, սեպտեմբերի 10-ին խորհրդարանում հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա՝ ավտոտրանսպորտային ճանապարհների վիճակագրությունը մանրակրկիտ ուսումնասիրվում է, եւ այն ճանապարհներին, որտեղ թույլատրելի արագության մեծացումը նոր վթարների չի հանգեցնի, դա կարելի է անել: Նշենք, որ մի շարք ճանապարհներին թույլատրելի արագությունն արդեն 70-ից դարձել է 90 կմ/ժ:

 

ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂԸ
«18plus.am» ինտերնետային կայքի հիմնադիր Արթուր Մնացականյանը մեղադրվում է կայք ստեղծելու եւ պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր տարածելու մեջ: NEWS.am-ի տեղեկացմամբ՝ Արթուրը 2012թ. հունիսին համակարգչի միջոցով ստեղծել է կայք եւ պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու ուղղակի դիտավորությամբ նշված կայքի «18+ խաղեր» բաժնում 2013 թվականի փետրվարի 17-ից մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ եւ անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին: Արթուր Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

53 ՄԼՆ ԴՐԱՄ
Կառավարության հավանության դեպքում ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն կտրամադրվի 53 մլն 976հազ. դրամ: Գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից:
Ըստ որոշման նախագծի՝ գումարի տրամադրումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիների շրջանում Անկախության կարեւորության գիտակցության ամրապնդման, այն պատշաճ չափով արժեւորելու, ինչպես նաեւ՝ սեպտեմբերի 21-ին հանրապետությունում տոնական տրամադրություն ստեղծելու անհրաժեշտությամբ:

 

 

ԲԼԹ

«Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ անչափ կարեւոր է, որ կարողանանք երիտասարդ սերնդի դաստիարակությունը պատշաճ կազմակերպել»:

Սեյրան Օհանյան News.am

Իսկ ո՞վ է պաշտպանության նախարարին երբեւէ խանգարել կամ խանգարում կազմակերպել երիտասարդ սերնդի դաստիարակությունը նաեւ հենց բանակում: Այս մասին տարիներ շարունակ խոսվել է ու խոսվում է, սակայն թեման այդպես էլ մնում է խոսակցությունների մակարդակում: Կամ լավագույն դեպքում ինչ- որ փաստաթղթեր են լրացնում, գունավոր, գեղեցիկ բրոշյուրներ տպագրվում, որոնք իբրեւ թե պետք է դաստիարակեն երիտասարդներին: Սակայն ռեալ կյանքում իրավիճակն այդպես էլ չի փոխվում: Լավ կլիներ, որ անիմաստ պայմանագրերին փոխարինելու գան շոշափելի արդյունք ապահովող քայլեր:

 

 

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ժամանել Հայաստան, կարող է նույնիսկ հուզվել, բայց սրանք ընդամենը բարոյահոգեբանական հարցեր են»:

Արագած Ախոյան News.am

Գերազանց է, ԲՀԿ-ական պատգամավորն արդեն Էրդողանի բարոյահոգեբանական նկարագիրն է փորձում անել, նույնիսկ կանխատեսել նրա հույզերի ու զգացմունքների պոռթկումների չափաբաժինը: Եվ հետո՞ ինչ, որ Թուրքիայի նախագահը հայ լինելը վիրավորական է համարում, կարեւորը, ըստ Ախոյանի՝ այն է, որ Էրդողանը կարող է հուզվել, նույնիսկ արտասվել: Իսկ եթե այս հարցին նայենք մյուս կողմից, ապա Հայաստան այցելելու դեպքում Էրդողանն իսկապես որ կարող է հուզվել, սակայն ոչ թե հայերի ցավը կիսելու արդյունքում, այլ եթե տեսնի, որ մենք ունենք Արագած Ախոյանի նման պատգամավորներ:

 

 
«Գիտե՞ք, եթե ես իմանամ, որ ինչ-որ մեկը իմ հետ հարցեր, խնդիրներ ունի, ես կյանք ապրած մարդ եմ եւ ամեն ինչի ձեւն էլ գիտեմ, ոճն էլ ունեմ եւ իմ հարցերը շատ գեղեցիկ ձեւով կլուծեմ»:

Մհեր Սեդրակյան Shamshyan.com

Չենք էլ կասկածում, որ ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավորը բարձր գեղագիտական ճաշակ ունի եւ իր հարցերը լուծում է գեղեցիկ ձեւով, հատկապես որ մենք արդեն առիթներ ունեցել ենք լսելու այդ «գեղեցիկի» մասին: Օրինակ՝ Մհեր Սեդրակյանը սիրում է խոսել ծնոտ կոտրելու մասին եւ այդ գործողությունը նա կազմակերպում է բավականին գեղեցիկ ոճով, ինչու չէ, նաեւ գեղեցիկ վայրերում, օրինակ՝ իրեն պատկանող բենզալցակայաններում: Նման «նորարարական» լուծումներն, ամեն դեպքում, ողջունելի են, քանի որ վաղուց ժամանակն է հասկանալ, որ ծեծն էլ պետք է գեղեցիկ կազմակերպել՝ անհրաժեշտության դեպքում:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս