ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԱՄՆ դիվանագիտական գաղտնի նամակագրությունը հանրայնացրած վիկիլիքսյան արխիվի հերթական փաստաթուղթը պատմում է Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների հանդիպման մասին: Եվրամիության անդամ երկրների դեսպանները 2008թ. նոյեմբերին Հայաստանում քննարկում էին անցկացրել, որին մասնակից էր դարձել նաեւ ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Ըստ վերջինիս կազմած զեկուցագրի՝ ԵՄ դեսպանները հավաքվել էին լանչի շուրջ՝ քննարկելու Հայաստանի արտաքին ու ներքին խնդիրները: Յովանովիչի հեղինակած փաստաթղթի համաձայն՝ զրույցի հիմնական թեման եղել է Սերժ Սարգսյանի՝ նշված ժամանակահատվածում Բրյուսել կատարած այցելությունը: Ֆրանսիայի դեսպանը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, իսկ Լեհաստանի ներկայացուցիչը՝ Հայաստանում ժողովրդավարության մասին:

Յովանովիչը նախ եւ առաջ տեղեկացնում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ռաուլ դը Լուզենբերգերը ներկաներին հակիրճ ներկայացրել է Սերժ Սարգսյանի՝ 2008թ. նոյեմբերի 5-6-ը Բրյուսել կատարած այցելությունը: Որպես ԵՄ ներկայացուցչության ղեկավար՝ Դը Լուզենբերգերը, մանրամասնելով Սարգսյանի ուղեւորության արդյունքները, արձանագրել է, որ այն անցել է «ուղղակի հրաշալի»: Դիվանագետի հաղորդմամբ՝ Եվրամիության ու պաշտոնական Երեւանի միջեւ գրեթե բոլոր հիմնահարցերը համաձայնեցված են: ԵՄ ներկայացուցիչը նկատել է, որ Սերժ Սարգսյանի հետ ընդհանուր մոտեցումներ են ձեւավորվել թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, թե՛ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմնահարցերում: Դը Լուզենբերգերի մատուցմամբ՝ կողմերը միասնական տեսակետի են հանգել նաեւ Ռուսաստանի հարցում: Այդ լանչի սեղանի շուրջ նստած դեսպաններից հազիվ թե որեւէ մեկը պատկերացներ, որ կլինի սեպտեմբերի 3, երբ ակնհայտ կդառնա, որ Սերժ Սարգսյանի այցելությունների հրաշալի լինելը իրականում աննշանակ հանգամանք է, իսկ նրա տված խոստումներն էլ որեւէ արժեք չունեն:
Ինչեւէ, ԵՄ ներկայացուցիչը փաստել է, որ Սերժ Սարգսյանի հետ վերոնշյալ փոխըմբռնումներին զուգահեռ հնարավոր չի եղել հասնել ընդհանուր կարծիքի Հայաստանի ներքաղաքական դրության շուրջ: Դը Լեւզենբերգերը հավելել է, որ անհամաձայնությունը գլխավորապես վերաբերել է Մարտի 1-ի դեպքերին: Դիվանագետի վստահեցմամբ՝ ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերա-Ուոլդներն առաջարկել էր Սերժ Սարգսյանին, որ դը Լուզենբերգերը հանդես գա որպես միջնորդ ընդդիմության եւ կառավարության միջեւ եւ օգնի կառուցողական երկխոսություն սկսել: Դը Լուզենբերգերն անկեղծացել է, որ անձամբ դեմ լինելով ԵՄ նման դերակատարությանը, այնուամենայնիվ, առաջարկը փոխանցել է Սարգսյանին՝ որպես բրյուսելյան նախաձեռնություն: ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ Սերժ Սարգսյանն այնքան էլ հաճույքով չի ընդունել առաջարկը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գաղափարը հազիվ թե գործարկվի: Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովն իր հերթին հաղորդել է, որ սլովենացիները եւս առաջարկել էին մարդու իրավունքների հիմնահարցի առնչությամբ ֆորմալ երկխոսություն, ինչը կրկին նույն արդյունքն էր ունեցել: Այսպիսով` արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը նախագահության ստանձնումից մի քանի ամիս հետո եվրոպացիների հետ արտաքին քաղաքականության բոլոր հարցերում համաձայնության է եկել, մինչդեռ ոչ մի փոխզիջում չի ընդունել ներքաղաքական հարթությունում: Նման փաստերն է՛լ ավելի են ամրապնդում այն կարծիքը, որ Սարգսյանը լեգիտիմության համար զոհաբերել էր պետական արտաքին շահերը՝ չընդունելով ներքաղաքական ոչ մի բարեփոխման առաջարկ: Հատկանշական է, որ եվրոպացիներն էլ տուրք էին տալիս այդ քաղաքականությանը՝ հուսալով շահող դուրս գալ տարածաշրջանային հիմնահարցերում, առաջին հերթին՝ ասոցացման քաղաքականության խնդրում:
Առանձնահատուկ նշանակություն ունի Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Նոտեի կարծիքը, ով, խոսելով Հայաստանում ժողովրդավարության անկում թույլ չտալու անհրաժեշտության շուրջ, նկատել է, որ եթե «Արեւմուտքը տապալի այս ծրագիրը՝ Մարտի 1-ի ձերբակալվածներին ազատ արձակելու քաղաքական որոշման կայացումը, ապա մենք կտապալվենք բոլոր հարցերում»: Յովանովիչը Լեհաստանի դեսպանին բավականին բարձր է գնահատել՝ նրան համարելով տեղական իրադարձությունների խորաթափանց եւ փորձառու դիտորդ, ում կարծիքը պետք է հաշվի առնել:
Խոսելով նույն ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցելության մասին այդ երկրի դեսպանը նշել է, որ այն անցել է հաջող, ինչպես նմանատիպ բոլոր այցելություններն են լինում: Նա արձանագրել է, որ Սարգսյանը դրական է տրամադրված եղել բանակցությունների հանդեպ՝ հատկապես Մոսկովյան հռչակագրից հետո: Հիշեցնենք, որ այդ ժամանակափուլում բավականին ակտիվորեն քննարկվում էր ԼՂ բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզիի միջնորդությամբ անցկացնելու հարցը: Սմեսովը, անդրադառնալով այս պարագային, նշել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անելը, քանզի Սարկոզին տատանվում է անձնական միջնորդական առաքելության հարցում: Այդուհանդերձ, Յովանովիչը նկատում է, որ Ֆրանսիայի արդեն նախկին նախագահը հետաքրքրված է եղել տարածաշրջանային հիմնահարցերով եւ հավանաբար ակտիվորեն ներգրավվելու է դրանցում: Ավելացնենք, սակայն, որ Սարկոզին ձեռնպահ մնաց միջնորդական առաքելությունից՝ այդ դերակատարությունը թողնելով ՌԴ նախագահին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
ՀՀ կառավարությունը հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերը իր այսօրվա նիստում որոշելու է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից կիրառությունից հանել մեր հանրապետություն ներմուծվող կամ արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը: Այսպիսով, 2015 թվականի հունիսի 1-ից ՀՀ-ում արգելվում է մեր հանրապետություն ներմուծված կամ ՀՀ-ում արտադրված` «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը: Այս նախագիծը մշակել եւ առաջարկում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ «2010» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումն արգելելու մասին» կառավարության որոշման ընդունմամբ պետության եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

«ՀԱԲԻՏԱՏ-3»-Ը ՄՇԱԿՎԵԼ Է
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն կտա նաեւ «Հաբիտատ-3» ՀՀ ազգային զեկույցին: Այն Հայաստանի անունից պետք է ներկայացվի 2016 թվականին կայանալիք ՄԱԿ-ի 3-րդ համաժողովին:
ՄԱԿ Հաբիտատի կառավարման խորհրդի 24-րդ նստաշրջանի ժամանակ Խորհրդի առաջարկով անդամ պետությունները պետք է ներկայացնեն «Հաբիտատ-3» ազգային զեկույցներ, որոնք վերաբերելու են «Հաբիտատ-3» իրականացման օրակարգին եւ այլ միջազգայնորեն համաձայնեցված նպատակներին, թիրախներին, մարտահրավերներին, ձեւավորվող միտումներին եւ կայուն բնակավայրերի ու քաղաքաշինության հեռանկարային տեսլականներին: Տեղեկացնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում՝ 2014 թվականի մարտի 10-ի որոշմամբ «Հաբիտատ-3» ազգային զեկույցը պատրաստող միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծվեց 2016 թվականին կայանալիք ՄԱԿ-ի 3-րդ համաժողովին ներկայացվելիք ՀՀ ազգային զեկույցի պատրաստման նպատակով:
Ներկայում աշխատանքային խմբի կողմից մշակվել է «Հաբիտատ-3» ազգային զեկույցի նախագիծը, որը համաձայնեցվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ:
ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվեն 1996 թվականի «Հաբիտատ-3» համաժողովի ընթացքում պետության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը եւ նոր մարտահրավերների վերաբերյալ հեռանկարային ծրագրերը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

 

 

ՄԱՐԶԵՐ

ՎՏԲ-ՈՒՄ ՀԵՐԹԵՐ ԵՆ
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարվել է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է տրվեն ԽՍՀՄ նախկին խնայբանկում ունեցած ավանդների գումարները: Կառավարության որոշում դեռ չկա, սակայն ՎՏԲ բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղում ԽՍՀՄ խնայբանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ունեցած ավանդների վերաբերյալ տեղեկանքներ են տրվում: Մտնելով բանկի մասնաճյուղ` «Ժողովուրդ»-ն ականատես եղավ ավանդների վերաբերյալ տեղեկանք ստացողների մեծ հերթի: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ 8 համայնքների ղեկավարների հետ ՎՏԲ բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղի ղեկավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ շաբաթվա աշխատանքային յուրաքանչյուր օր սպասարկվեն որոշակի համայնքների ավանդատուները: Այդ կերպ փորձ է արվում խուսափել մարդկանց մեծ կուտակումներից, ինչը խանգարում է բանկի մասնաճյուղի բնականոն աշխատանքին: Սակայն այդ պայմանավորվածությունը խախտվում է, քանի որ բացի տվյալ օրը սպասարկվող համայնքների ավանդատերերից, բանկի մասնաճյուղ են գալիս սահմանամերձ այլ համայնքների ավանդատերեր: Բանկի աշխատողներն էլ, նկատի ունենալով, որ մարդիկ տրանսպորտային ծախսեր են արել եւ մեծ հեռավորություն անցել, նրանց եւս սպասարկում են եւ ունեցած ավանդների մասին տեղեկանքներ տրամադրում:

 

ԿՐԿԻՆ ՍՊԱՆԵԼ ԷՐ ՈՒԶՈՒՄ
Սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Իջեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Գետափ» սրճարանում 1961թ. ծնված Աղվան Մելիքբեկյանը եւ նրա որդին` 1989թ. ծնված Էդգար Մելիքբեկյանն, անհիմն պատճառով վիճաբանության մեջ են մտել սրճարանի մատուցողուհու հետ եւ հայհոյել նրան: Ծագած վիճաբանության արդյունքում Էդգար Մելիքբեկյանը գարեջրի շշով հարվածել է սրճարանի սեփականատեր, 40-ամյա Կարեն Անտոնյանի պարանոցին: Հայր եւ որդի Մելիքբեկյանների հեռանալուց հետո մոտ 10 րոպե անց Էդգարը վերադարձել է մեկփողանի, կարճեցված փողով հրացանով եւ փորձել սպանել Կարեն Անտոնյանին: Սակայն վերջինս կարողացել է ուժ գործադրելով` զենքը խլել:
Այդ ընթացքում դեպի օդ մեկ կրակոց է արձակվել: Կարեն Անտոնյանը նույն գիշերը դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Աղվան Մելիքբեկյանը, ով մասնագիտությամբ եռակցող է, բերման է ենթարկվել ոստիկանություն: Ոստիկանության քննչական վարչության Տավուշի բաժնի պետ Գագիկ Իսպիրյանից տեղեկացանք, որ Աղվան Մելիքբեկյանի նկատմամբ խափանման միջոցը դեռ չի որոշվել, իսկ Էդգար Մելիքբեկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանաքը: Է. Մելիքբեկյանը փախուստի մեջ է: Մեր տեղեկություններով` նա նախկինում դատվել է սպանության համար: Նշենք, որ հանցագործության գործիք հանդիսացող հրացաննն ապօրինի է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս